Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը ժամանում է Անկարա


Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները այսօր կժամանի Անկարա` պարզաբանելու Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերի նկատմամբ իր երկրի դիրքորոշումը:

«Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, Անկարայում Ֆրանսիայի դեսպանության անանուն պաշտոնյան ասել է, որ Քուշների այցը լինելու է «կարճատեւ, սակայն օգտակար», քանի որ միտված է լինելու Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ աշխույժ հարաբերությունների հաստատմանը:

«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ջերմ հարաբերություններին եւ հաղորդակցության վերականգնմանը: Այս այցը ազդանշան է, որ երկխոսությունը երկու երկրների միջեւ բարելավվում է», - ասել է Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնյան` հավելելով. - «Սարկոզին Թուրքիայի հարցում մնում է նույն դիրքորոշմանը: Սակայն նա նաեւ ցանկանում է, որպեսզի բարեփոխումները Թուրքիայում շարունակվեն: Երբ բարեփոխումները ավարտվեն, կգա Ֆրանսիայի կողմից որոշումներ ընդունելու ժամանակը»:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մեծ վերապահումով է վերաբերվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարին:

Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում սառնության պատճառ է դարձել շուրջ մեկ տարի առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծը, որով քրեական պատիժ` մինչեւ մեկ տարվա ազատազրկում է նախատեսվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Օրենքի ուժ ստանալու համար նախագիծը դեռ պետք է արժանանա Սենատի հավանությանը եւ ստորագրվի երկրի նախագահի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG