Մատչելիության հղումներ

Դուշանբեում այսօր բացվում է է ԱՊՀ-ի գագաթնաժողովը


Տաջիկստանի մայրաքաղաքում այսօր կբացվի ԱՊՀ-ի անդամ երկրների երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Դուշանբե կմեկնի նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Միխայիլ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը, այլ պաշտոնյաներ:

Ինչպես վկայել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, Դուշանբեի հավաքին մասնակցելու են կազմակերպության անդամ բոլոր պետությունների ղեկավարները` բացառությամբ Ուկրաինայի նախագահի: Ըստ Ռուշայլոյի, «Վիկտոր Յուշչենկոն Դուշանբե չի ժամանի Ուկրաինայում ստեղծված հետընտրական կացության պատճառով»:

Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, ԱՊՀ-ի գործադիր քարտուղարի փոխանցմամբ, բաժանվում են երկու խմբի` ռազմավարական եւ ընթացիկ:

«Օրակարգում 19 հարց կա: Հիմնականը ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգի մասին որոշումն է, ինչպես նաեւ այդ հայեցակարգի իրագործման պլանը: Անդրադարձ է լինելու միգրացիոն քաղաքականությանը, քննարկվելու են ահաբեկչության, փողերի լվացման ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրներ», - հայտարարել է Ռուշայլոն Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպման ավարտին:

Անդրադառնալով վերջերս հաճախ հնչող` ԱՊՀ-ի խորացող ճգնաժամի մասին պնդումներին եւ հարցերին, թե արդյոք ժամանակը չէ՞ հրաժեշտ տալ 1991 թվականին ստեղծված այս կառույցին` ԱՊՀ-ի գործադիր քարտուղարը հայտարարել է. - «Համագործակցության շրջանակներում շատ բան է արվել, եւ երբ հարցնում են, թե ո՞ւմ է դա պետք` կարող եմ ասել, որ ԱՊՀ-ի անդամ պետությունների նախագահները միասին հավաքվելով արդեն իսկ պատասխանում են այդ հարցին»:

Դուշանբեում Հայաստանի նախագահը կմասնակցի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների նիստին, ինչպես նաեւ դիտորդի կարգավիճակով ներկա կլինի Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG