Մատչելիության հղումներ

logo-print

Նիկոլաս Բըրնսը անհրաժեշտ է համարում տեղաշարժերը Ղարաբաղի հարցում


ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի հարցում տեղաշարժերի անհրաժեշտության մասին: Այդ մասին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հայտնել է Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում կայացած հանդիպումներից հետո:

«Մենք շարունակելու ենք այդ քննարկումները, եւ հուսով ենք, որ կկարողանանք խթանել հակամարտության կարգավորման առաջխաղացումը», - APA գործակալության փոխանցմամբ` ասել է Նիկոլաս Բըրնսը:

«Մենք լավ քննարկումներ ունեցանք նաեւ էներգետիկ հարցերի շուրջ», - նշել է Բըրնսը` հավելելով. - «Ամերիկացիները Ադրբեջանը աշխարհի կարեւորագույն տարածաշրջաններից մեկն են համարում` այդ երկրի արդյունահանման եւ տարանցիկ հնարավորությունների տեսանկյունից: Այդ բնագավառում հաջողությունների հասնելու համար մենք հնարավոր աջակցությունը կտրամադրենք Ադրբեջանին»:

Մասնավորապես, ըստ նրա, մեծ նշանակություն է տրվում ադրբեջանական գազի Եվրոպա արտահանման նախագծին: «ԱՄՆ-ի կառավարությունը դեմ է Եվրոպայի գազամատակարարման հարցում մեկ երկրի գերիշխող դիրքին, մենք ցանկանում ենք այդ ոլորտում բազմազանություն տեսնել», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը` հայտնելով, որ այդ հարցով բարձր մակարդակի քննարկումներ են ծրագրվում Ադրբեջանի ղեկավարության հետ:

Նիկոլաս Բըրնսը տեղեկացրել է նաեւ, որ ԱՄՆ-ը շարունակելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաշտպանել Իրանի նկատմամբ պատժամիջոցները:

«Մենք դեմ ենք «Համաս»-ը, «Հըզբոլա»-ն, Իրաքում շիաների եւ Աֆղանստանում թալիբների խմբավորումները զինելու եւ ֆինանսավորելու` Իրանի փորձերին», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG