Մատչելիության հղումներ

Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկի` Էրհան Թունջելի վերաբերյալ ոստիկանության փաստաթղթերը վերացվել են` «պետական գաղտնիք» պարունակելու պատրվակով: Այդ մասին երեկ հաղորդել է թուրքական NTV մասնավոր հեռուստակայանը:

Փաստաթղթերը դատարանում ուսումնասիրելու միջնորդությամբ դիմել էր Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Էրդալ Դողանը, սակայն ոստիկանության հետախուզական վարչությունը, որտեղ դրանք պահվում էին, մերժել է այդ պահանջը` հայտարարելով, թե փաստաթղթերը վերացված են, քանի որ «պետական գաղտնիք» էին պարունակում:

Ընդ որում, քննիչները այդ փաստաթղթերին ծանոթացել էին, իսկ դատարանին այդ հնարավորությունը չի ընձեռվել:

Էրդալ Դողանը տեղի ունեցածը որակել է «իրավական սկանդալ» եւ վստահեցրել, որ շարունակելու է պնդել իր պահանջը. - «Այդ գաղտնիքը չի կարող պահվել դատարանից, եթե նույնիսկ այն պետական գաղտնիք է: Դա օրենսդրության խախտում է»:

Թունջելը, ով մեղադրվում է հայազգի լրագրողի սպանությունը հրահրելու համար, նախկինում եղել է Տրապիզոնի ոստիկանության գործակալ:

Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի դատարանի առջեւ կանգնած 19 ամբաստանյալների ճնշող մեծամասնությունը, այդ թվում սպանությունը կատարելու համար մեղադրվող 17-ամյա Օգյուն Սամասթը, տրապիզոնցի ազգայնականներ են:

Անցած շաբաթավերջին թուրքական լրատվամիջոցները հրապարակել էին ոստիկանության սպա Մուհիթին Զենիթի հետ Էրհան Թունջելի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որից կարելի էր ենթադրել, որ ոստիկանության պաշտոնյան տեղյակ է եղել Հրանտ Դինքի դեմ նախապատրաստվող մահափորձին: Այնուհանդերձ, Զենիթի նկատմամբ քննություն սկսելու` Դինքի ընտանիքի փաստաբանների միջնորդությունը երկուշաբթի օրը դատարանում մերժվել է:

«Զաման» օրաթերթը նկատում է, որ Թունջելի փաստաթղթերի հետ կապված պատմությունը խորացնում է կասկածները իշխանությունների կողմից «Ակոս»-ի խմբագրապետի սպանության հանգամանքները քողարկելու վերաբերյալ:

Օրերս նման պնդմամբ էր հանդես եկել, մասնավորապես, Դինքի ընտանիքի շահերը պաշտպանող մեկ այլ փաստաբան` Ֆեթհիյե Չեթինը, ով հայտարարել էր, որ ոստիկանությունը թաքցնում եւ վերացնում է սպանությանը առնչվող կարեւոր ապացույցներ:

Ինչ վերաբերում է Օգյուն Սամասթի` երկուշաբթի օրը դատարանում արած հայտարարությանը, թե Դինքի սպանությունը կատարել է թմրադեղերի ազդեցության տակ եւ զղջում է արածի համար, ապա, ինչպես տեղեկացնում է թուրքական մամուլը, սպանությունից հետո 24 ժամվա ընթացքում նրանից վերցված արյան հետազոտությունը դեղերի առկայություն ցույց չէր տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG