Մատչելիության հղումներ

ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը երեկ ուշ երեկոյան ժամանել է Թբիլիսի: Այսօր կսկսվեն նրա հանդիպումները եւ բանակցությունները Վրաստանի ղեկավարության հետ:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահի, խորհրդարանի նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի, արտգործնախարարի, եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարարի հետ: Բանակցությունների օրակարգում ՆԱՏՕ - Վրաստան համագործակցության ու դաշինքին Վրաստանի անդամակցության հարցերն են:

«Վրաստանը կատարել է ՆԱՏՕ-ից ստացած տնային աշխատանքը [ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ու «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերով նախատեսված միջոցառումները], եւ հիմա անդամակցության հարցը կախված է ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրների որոշումից», - ասել է եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն: - «Այժմ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից է կախված անդամակցության անհատական պլանի վերաբերյալ քաղաքական որոշման ընդունումը»:

Սխեֆերի այցը շատ կարեւոր գործոն համարելով` Բարամիձեն հայտարարել է, որ Վրաստանի հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին վստահեցնելն է, որ երկիրը պատրաստ է անդամակցության անհատական գործողությունների համար:

«Բոլոր 26 երկրները պետք է որոշում ընդունեն, եթե մեկ երկիր դեմ լինի` Վրաստանը անդամակցության գործողությունների պլան չի ստանա», - ասել է Բարամիձեն:

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքում առկա հակամարտություններին, որոնք կարող են դժվարություններ ստեղծել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, պետնախարարն ընդգծել է. - «Համաձայնեցված է, որ հակամարտությունների կարգավորումը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար նախապայման չէ»:

Բարամիձեն հավելել է, որ «անդամակցության պլանը ժամանակաշրջան ունի, եւ Վրաստանը լուրջ առաջընթացի կհասնի հակամարտությունները կարգավորելու հարցում»:

Վրաստանի ընդդիմությունը եւս ցանկանում է հանդիպում ունենալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պետք է լսի նաեւ ընդդիմադիրներին, որ Վրաստանը շեղվել է բարեփոխումների ուղուց:

Զուրաբիշվիլիի խոսքերով, ՆԱՏՕ-ն պետք է ավելի խստորեն պահանջի Վրաստանից` կատարել պարտավորությունները, ներառյալ` կառուցել ժողովրդավարական հասարակություն:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG