Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ»


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ. դրանով զբաղվում է ԵԱՀԿ-ը», - երեկ ուշ երեկոյան Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Անդրադառնալով հետխորհրդային տարածքում առկա «սառեցված» հակամարտությունները, այդ թվում ղարաբաղյան հարցը ՄԱԿ-ի նստաշրջանի օրակարգ մտցնելու` ՎՈՒԱՄ կազմակերպության նախաձեռնությանը, Վարդան Օսկանյանն ընդգծեց. - «Բոլոր այս հակամարտությունները մեկ շարքում դասելը, անշուշտ, սխալ է: Այս հակամարտություններից յուրաքանչյուրը տարբեր է: Նախ, Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սառեցված» չէ: Մենք շարունակում ենք բանակցությունները եւ դանդաղորեն մոտենում ենք դրա կարգավորմանը: Երկրորդ, այժմ սեղանին դրված է լավ մշակված բանակցային փաստաթուղթ, որը տանում է խնդրի հավասարակշռված լուծման»:

«Իրականում Lեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ուզում մի բան, որ իրենը չէ. նրանք ընդամենը ուզում են ապրել խաղաղության եւ կայունության մեջ եւ որոշել իրենց ճակատագիրը», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարն ու շեշտեց, որ այդ իրավունքից ժամանակին օգտվել են ՄԱԿ-ում ներկայացված բոլոր ժողովուրդները:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին հակառակ գնահատականը տվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը. - «1992 թվականից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող բանակցությունները առայժմ որեւէ արդյունք չեն տվել, եւ որքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան մեզ համար ավելի դժվար է դառնում տեսնել, թե ինչպես է հայկական կողմը փորձում ամրագրել մեր տարածքների օկուպացիան, քանդել այն ամենը, ինչ կապ ունի Ադրբեջանի հետ եւ այնտեղ անօրինական գործունեություն ծավալել: Միավորված Ազգերի Կազմակերպությունը չպետք է հանդուրժի նման քայլերը»:

ՄԱԿ-ի ամբիոնից Մամեդյարովը կրկին հայտարարեց, թե «Հայաստանը շարունակում է գրավված պահել Ադրբեջանի տարածքների շուրջ 20 տոկոսը», խոսեց մեկ միլիոն փախստականների ու տեղահանվածների մասին, ապա դիմեց հայերին. - «Այս բարձր ամբիոնից ես կուզեի կոչ անել Հայաստանի ժողովրդին` ընդունել, որ իրենց վարած քաղաքականությունը շատ վտանգավոր, ոչ կառուցողական եւ աղետաբեր ազդեցություն կունենա նախ եւ առաջ Հայաստանի զարգացման երկարաժամկետ հեռանկարի վրա»:

«Ես վստահ եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը` սա ընդամենը ժամանակի հարց է», - հայտարարեց ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG