Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Նախկին նախագահները միշտ էլ զբաղվում են քաղաքականությամբ»


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը արձագանքեց անցած շաբաթավերջին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, որում նախկին նախագահը խիստ քննադատել էր երկրի ներկա իշխանություններին:

Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում Տեր-Պետրոսյանի վերադարձին մեծ քաղաքականություն` Սերժ Սարգսյանը ասաց. - «Իմ խորին համոզմամբ` լինի առաջին, երկրորդ, երրորդ թե քսաներորդ` բոլոր նախկին նախագահները միշտ էլ զբաղվում են քաղաքականությամբ: Հակառակ պարագայում քաղաքականությունը իրենցով կզբաղվի»:

Դիտարկմանը, թե ՀՀՇ-ն այժմ քաղաքական գնահատական է տալիս ներկա իշխանությունների գործունեությանը, վարչապետը արձագանքեց. - «Յուրաքանչյուր նոր իշխանություն պետք է ձգտի գնալ միավորման: Յուրաքանչյուր նոր իշխանություն պետք է ձգտի հասարակությունում միասնականության գաղափարը զարգացնել, այլ ոչ թե պիտակավորել, գնահատականներ տալ: Եվ եթե մեկը փորձում է այսօր մեզ տալ քաղաքական գնահատական, դա չի նշանակում, թե դա ժողովրդի գնահատականն է: Դա չի նշանակում, թե դա ընտրողների գնահատականն է»:

Հիշեցմանը, որ առաջին նախագահը իշխանություններին մեղադրում է կոռումպացվածության մեջ, վարչապետը հակադարձեց. - «Շատ ավելի լավ կանեք, որ վերցնեք Հայաստանի Հանրապետության որոշ թերթերի, էլեկտրոնային միջոցների նյութերը մինչեւ 98 թվականը: Եվ կտեսնեք, որ նույն առաջին նախագահին բազմաթիվ այդպիսի մեղադրանքներով մեղադրում են: Եթե դրանից նա հաճույք է ստանում, թող անի: Ինչ է եղել»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ նախագահի լիազորությունների ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը նշանակվի Հայաստանի վարչապետ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Որեւէ հիմք չունեմ ստույգ չընդունելու պարոն Քոչարյանի հայտարարությունները: Այսինքն` ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն Քոչարյանի կողմից»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG