Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբին «փխրուն» է որակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող իրավիճակը


Այսօր Բրյուսելում` Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Lեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող իրավիճակը բնորոշեց «փխրուն» եւ նշեց, որ իրավիճակը կարող է փոխվել 2008 թվականին երկու երկրներում նախատեսված ընտրությունների շեմին:

«Իրավիճակը փխրուն է, անվտանգության հետ կապված միջադեպեր շարունակում են արձանագրվել, եւ դա ընդգծում է իրավիճակի շիկացման ռիսկը», - ասաց նա` հավելելով, որ տարածաշրջանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործադրած միջնորդական ջանքերը մոտ ապագայում ակտիվանալու են, եւ Եվրամիությունը «լիովին» աջակցելու է դրանց:

Անդրադառնալով Հայաստանին, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը մատնանշեց սոսկ, որ մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններում «բարելավում է արձանագրվել նախորդ ընտրությունների համեմատ»:

Իսկ Ադրբեջանին Սեմնեբին զգուշացրեց, որ այդ երկրի էներգետիկ պաշարները եւ տարանցման հնարավորությունները չեն կարող Եվրամիությանը ստիպել աչք փակել մարդու իրավունքների ոտնահարումների վրա:

«Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող աչք փակել [Եվրամիության] օրակարգի այլ կետերի վրա` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, մարդու իրավունքները հարգելու, մամուլի ազատության անհրաժեշտության եւ այլ հարցերի: Ես ավելի վաղ հիշատակել եմ այն խնդիրներից մի քանիսը, որ մենք այդ համատեքստում ունեցել ենք Ադրբեջանի հետ: Կարծում եմ, կարեւոր է, որպեսզի [յուրաքանչյուրը] հասկանա, որ եթե այդ հարցերը լուրջ չեն ընկալվում [Եվրամիության հետ] հարաբերություններում, այդ հարաբերությունները վաղ թե ուշ կվտանգվեն, եւ որպես արդյունք` կտուժի նաեւ հարաբերությունների` շահերի վրա հիմնված մասը», - ասաց նա:

Եվրամիության հատուկ ներկայացուցչի ելույթի առանցքում հիմնականում Վրաստանն էր: Սեմնեբին Վրաստանը բնորոշեց որպես տարածաշրջանում «առավել առաջընթաց արձանագրած եւ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին մերձենալու իր ընթացքում առավել հավակնոտ երկիր»: Սակայն նա Վրաստանը բնութագրեց նաեւ որպես առավել խոցելի` առաջին հերթին, իր ներքին գործերի վրա արտաքին խաղացողների [Ռուսաստանի] ազդեցության առումով. - «Որպես առանձնահատուկ [տարածաշրջանային] մտահոգություն ես կնշեի վրաց-ռուսական հարաբերություններում աճող լարվածությունը, որը դրսեւորվում է, օրինակ, Վրաստանի դեմ Ռուսաստանի շարունակական պատժամիջոցներով եւ Աբխազիայում ու Հարավային Օսիայում հակամարտության գոտիներում եւ դրանց շուրջ անվտանգության հետ ապված միջադեպերի քանակի աճով»:

Սեմնեբին հայտարարեց, որ առաջընթաց չի արձանագրվել Վրաստանի անջատողական Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածաշրջաններում ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում: Ռուսաստանում նախանշված ընտրությունները, ինչպես նաեւ մեկ այլ սառեցված հակամարտության` Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունները նպաստում են այն բանին, ինչը Սեմնեբին որակում է «նյարդայնություն» տարածաշրջանում:

Սեմնեբին թվեց Վրաստանում փոխադարձ վստահության հաստատման ուղղությամբ Եվրամիության կողմից վերջերս ձեռնարկված մի շարք միջոցառումները, սակայն խոստովանեց, որ դրանք ավելի շուտ «համեստ ջանքեր են»:

Անդրադառնալով տարածաշրջանի «սառեցված» հակամարտություններին, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ընդգծեց Ռուսաստանի դերը բանակցություններում` հայտարարելով, որ պաշտոնական Մոսկվան «առանցքային դերակատար» կմնա վեճերի կարգավորմանն ուղղված ջանքերում, եւ ընդգծելով, որ Եվրամիության «ընդհանրական շահից» է բխում նման հանգուցալուծումը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG