Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «301 հոդվածի հետ կապված խնդիրներ կան»


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն այսօր ընդունել է, որ խնդիրներ կան՝ կապված Քրեական օրենսգրքի վիճահարույց 301 հոդվածի հետ:

«Մենք գիտենք, որ 301 հոդվածի հետ առնչվող հիմնախնդիրներ կան: Դեռ տեղ կա բարելավելու, եւ առաջիկայում պետք է փոփոխություններ իրականացվեն: Ես պաշտպանում եմ 301 հոդվածը փոխելու գաղափարը»,֊ - լրագրողներին ասել է Գյուլը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ը հիշեցնում է, որ վիճահարույց հոդվածն օգտագործվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ հայազգի լրագրող Հրանտ Դինքի դեմ, որոնց մեղադրվել են «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ:

Գյուլը չի նշել, թե ինչ ժամկետում խորհրդարանը կարող է վերանայել օրենքը, բայց հավաստիացրել է, որ իր կառավարությունը ձգտում է բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը:

«Խտրականության բոլոր տեսակները մեզ մոտ արգելված են, ամրապնդվել է հավաքների եւ միավորումներ ստեղծելու իրավունքը, նորացվել են մշակութային եւ կրոնական իրավունքները»,֊ - ասել է Գյուլը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում:

Իր ելույթում Գյուլն անդրադարձավ նաեւ Հարավային Կովկասի սառեցված հակամարտություններին. - «Սրանք լուրջ խոչընդոտ են տարածաշրջանում լայնածավալ համագործակցություն իրականացնելու համար եւ լրջորեն սպառնում են ոչ միայն տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը, այլեւ «ականապատում» ապագա սերունդների բարգավաճումը: Դրանց խաղաղ կարգավորումը տարածաշրջանի ամենակարեւոր եւ հրատապ խնդիրներից մեկն է եւ պետք է բավարարի նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի օրինական մտահոգությունները` տարածքային ամբողջականության եւ ինքնավարության վերաբերյալ»:

«Հարավային Կովկասի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը պայմանավորված է տարածաշրջանում համագործակցություն հաստատելու անկեղծ ցանկությամբ», - վստահեցրել Աբդուլա Գյուլը եւ նշել, որ առավել նախընտրելի է, որ այս հարցում իրենց ներդրումն ունենան Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունները:

Նախագահ ընտրվելուց հետո սա Գյուլի առաջին այցն է Արեւմտյան Եվրոպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG