Մատչելիության հղումներ

2008-ի պետբյուջեի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով


Ազգային ժողովն այսօր ստացել է կառավարության երեկվա արտահերթ նիստում հաստատված «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի եւ պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթը: Խորհրդարանի նիստերի դահլիճում նախագիծը կքննարկվի նոյեմբերի 12-ին, իսկ հոկտեմբերի 29-ից ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովը համատեղ նիստեր կհրավիրի մյուս հանձնաժողովների հետ:

Կառավարությունը 2008 թվականի պետական բյուջեն հաստատել է եկամուտների գծով` 744.7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 820.8 մլրդ դրամ, դեֆիցիտը` 76.0 մլրդ դրամ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովը հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանը կհաստատի բյուջեի նախագիծը:

«Այն մարտահրավերները, որոնք առաջ կանգնած է մեր հանրապետությունը, մեզ թելադրում է անցնել բարեփոխումների երկրորդ փուլ. դա հիմնականում երկու ուղղություններով պետք է կատարվի` ստվերի հետեւողական կրճատում եւ մրցակցային ավելի լավ պայմանների ստեղծում մեր տնտեսվարողների համար», - շարունակեց Մինասյանը:

Վարչապետ Սերժ Սարգսյանն ավելի վաղ խոսել էր երկուեւկես միլիարդ դոլարանոց բյուջեի մասին, բայց դոլարի այսօրվա փոխարժեքով նախատեսված ծախսերը հաշվարկելիս դրա համար պակասում է 43 միլիոն դոլար: Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ մինչեւ բյուջեն հաստատվելը դոլարի փոխարժեքը երկրում արհեստականորեն կիջեցվի, Գագիկ Մինասյանը արձագանքեց. - «Իրավացի չեք, որովհետեւ այս տարվա բյուջեում ընդհանրապես դոլար - դրամ հարաբերությունը չի նշվելու»:

Պատգամավորը չհամաձայնեց դիտարկմանը, թե սոցիալական ծախսերի գրեթե 10 տոկոսանոց աճը նախընտրական նպատակներ է հետապնդում. - «Եթե դուք համեմատեք տոկոսների աճը նախորդ տարիներին, ապա այդ ձեր միտքը ձեզ կլքի: Այն աճի տեմպերը, որ մենք ունենք ընդհանրապես բյուջեում համահունչ են մարդկային կապիտալի ներդրումների աճին»:

Ըստ նախագծի, նախատեսվում է 2008 թվականին նվազագույն աշխատավարձը բարձրացնել եւս 5000 դրամով՝ այն հասցնելով 25 հազար դրամի: Նախատեսվում է նաեւ մանկավարժների, բժիշկների միջին աշխատավարձի, քաղծառայողների, դիվանագիտական ծառայողների պաշտոնեական դրույքաչափերի բարձրացում, հիմնական կենսաթոշակի՝ 60 տոկոսով բարձրացում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG