Մատչելիության հղումներ

Պարենի համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում օգնել Հայաստանին եւ Վրաստանին


ՄԱԿ-֊ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը այսօր կոչ է արել Եվրամիությանը, Ռուսաստանին եւ Ուկրաինային հրատապ միջոցներ ձեռնարկել Հայաստանում եւ Վրաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտը կանխելու համար:

Կազմակերպությունը փաստել է, որ հիվանդությունը լայնորեն տարածված է Վրաստանում եւ արձանագրվել է Հայաստանի հյուսիսային շրջաններում եւ Երեւանի մերձակայքում:

«Խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի տարածումը Կովկասյան տարածաշրջանում շատ լուրջ վտանգ է ներկայացնում եւ կարող է հանգեցնել դրամատիկ իրավիճակի»,֊ - հայտարարել է կազմակերպության գլխավոր անասնաբույժ պաշտոնյա Ջոզեֆ Դոմենեչը:

«Եվրամիությունը, Ռուսաստանը, Ուկրաինան եւ մյուս երկրները լուրջ հիմնախնդիր ունեն իրենց դռան շեմին եւ պետք է անմիջապես արձագանքեն»,֊ - ավելացրել է նա:

«Ֆրանսպրես»-֊ի վկայությամբ՝ Կովկասում հիվանդության առաջին դեպքն արձանագրվել է հունիսին Վրաստանում, ինչից հետո խոզերը վարակվել են երկրի 65 շրջաններից 52-֊ում, որի հետեւանքով մահացել կամ մորթվել է 68 հազար խոզ:

Ըստ ՄԱԿ֊-ի կազմակերպության՝ Հայաստանում հիվանդության ավելի ու ավելի շատ դեպքեր են արձանագրվում, եւ մտավախություն կա, որ վիրուսը տարածվում է:

«Եթե երկու երկրները միջոցներ չձեռնարկեն վիրուսի դեմ, նրանք կարող են կորցնել խոզերի գլխաքանակի մեծ մասը»,֊ - զգուշացրել է Դոմենեչը:

Նրա վկայությամբ՝ Պարենի կազմակերպությունը պատրաստվում է շտապ կերպով տեխնիկական օժանդակություն ցույց տալ Հայաստանին եւ Վրաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG