Մատչելիության հղումներ

«Կանխատեսվում է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը»


Այս վերնագրի ներքո հրապարակում կա այսօր «Լոս Անջելես Թայմս»-ում, համաձայն որի, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթեյնի Հոյերը կանխատեսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Պալատի կողմից:

Հոյերը հույս է հայտնել, որ բանաձեւի քվեարկությունը կկայանա մինչեւ Գոհաբանության օրը` նոյեմբերի վերջը:

«Բանաձեւի կողմնակիցները կարծում են, որ դրա ընդունման հավանականությունը մեծացել է այս տարի դեմոկրատների` Կոնգրեսում մեծամասնություն ստանալով եւ օրինագիծը սատարող Նենսի Փելոսիի` խոսնակ դառնալով: Սակայն Պալատը դեռ չի քննարկել հարցը, թեեւ բանաձեւը արդեն ստացել է 226 կոնգրեսականների` մեծամասնության աջակցությունը», - գրում է «Լոս Անջելես Թայմս»-ը` հավելելով. - «Այնուհանդերձ, երեքշաբթի օրը Պալատի արտաքին գործերի հանձնաժողովը բանաձեւի քննարկման օր նշանակեց հոկտեմբերի 10-ին»:

«Մենք քաջալերված ենք», - ասել է նախագծի համահեղինակ Ջորջ Ռադանովիչը:

Սթեյնի Հոյերը ընդգծել է, որ բանաձեւը չի վերաբերում ոչ Թուրքիայի ներկայիս կառավարությանը, ոչ էլ թուրք ժողովրդին. - «Այն գրեթե մեկ դար առաջ նախորդ կառավարություններից մեկի գործադրած ողբերգական ջանքի մասին է, որի հետեւանքով, մենք խորապես համոզված ենք, հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է կատարվել: Եթե մենք չենք ուզում վերապրել եւ կրկին տեսնել նման իրադարձություններ, կարեւոր է, որպեսզի դրանք պատմականորեն հիշենք եւ ապահովենք, որպեսզի աշխարհը դատապարտի նման գործողությունները»:

Ինչ վերաբերում է Սենատում ներկայացված համանման նախագծին, ապա թերթը նշում է, որ թեեւ 31 սենատորների աջակցությունը վայելող բանաձեւի քննարկման ժամկետ այստեղ առայժմ նշանակված չէ, սակայն վերին պալատի ղեկավարության աշխատակազմից հայտնել են, որ նախագիծը կարող է քննարկվել Ներկայացուցիչների պալատի համապատասխան քայլից հետո:

«Լոս Անջելես Թայմս»-ի փոխանցմամբ, Ջորջ Բուշի վարչակազմը անհանգստացած է, թե բանաձեւի ընդունումը կարող է վնասել թուրք - ամերիկյան դաշնակցային հարաբերությունները:

Թերթը հիշեցնում է նաեւ ԱՄՆ-ի ութ նախկին պետքարտուղարների նամակը, որում Նենսի Փելոսիին կոչ էր արվում քվեարկության չդնել Հայոց ցեղասպանության բանաձեւը, եւ Հայաստանի արտգործնախարարի արձագանքը, որում Վարդան Օսկանյանը վրդովմունք էր արտահայտում ամերիկացի նախկին դիվանագետների պնդումների առնչությամբ:

Երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում Հայոց ցեղասպանության բանաձեւին վերաբերող հարց է ուղղվել Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքին, թե արդյոք ԱՄՆ-ի վարչակազմը շարունակո՞ւմ է ընդդիմանալ օրինագծի ընդունմանը:

«Վստահ չեմ` կհրապարակե՞նք մենք արդյոք վարչակազմի դիրքորոշումն արտահայտող հայտարարություն, թե՞ ոչ, սակայն մենք այդ հարցով շատ սերտորեն աշխատել ենք Կոնգրեսի հետ: Ինչպես գիտեք, սա շատ զգայուն թեմա է, եւ մենք Կոնգրեսի անդամներին ենք հղում մեր տեսակետները այդ մասին», - արձագանքել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG