Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի հանձնաժողովում այսօր կքվեարկվի Թուրքիային վերաբերող զեկույցը


Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը այսօր քվեարկելու է Թուրքիային վերաբերող զեկույցը, որի նախագիծը արդեն իսկ արժանացել է Եվրոպայի հայկական կազմակերպությունների խիստ քննադատությանը:

«Զեկույցաբերը` [հոլանդացի քրիստոնեա-դեմոկրատ] տիկին Օոմեն Ռյույտենը փոխզիջումային առաջարկներ է հրապարակ հանել, որոնք կրկին մեզ չեն գոհացնում: Պատճառն այն է, որ փոփոխությունների առաջարկում եղած խնդիրները` շրջափակում, ցեղասպանություն, Հայաստանի մեկուսացումը Թուրքիայի կողմից` այս ամենը տեղ չի գտել բանաձեւում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը:

Նա հայտնեց, որ հայկական կազմակերպություններն ու Եվրախորհրդարանի հայամետ պատգամավորները հանդես են եկել բանաձեւում լրացումներ կատարելու առաջարկով:

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավարի խոսքերով` փոփոխությունների փաթեթում տեղ են գտել հետեւյալ հիմնական գաղափարները. - «Ցեղասպանության հարցն է. երբ Եվրախորհրդարանը տարիներ շարունակ պնդում է, որ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը` այս մի բանաձեւում այդ խնդիրն անտեսվել չի կարող: Հայաստանի շրջափակումն է, որը բանաձեւի փոխզիջումային տեքստում հիշատակված չէ: Փոփոխությունների մեր առաջարկով նաեւ կոչ ենք անում Թուրքիային` ձեռնպահ մնալ Հայաստանը մեկուսացնող բոլոր տեսակի քայլերից: Խոսքը, մասնավորապես, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտում իրականացվող ծրագրերի մասին է»:

Եվրոպայում գործող հայկական կազմակերպությունները հույս ունեն, որ արտաքին գործերի հանձնաժողովի այսօրվա նիստում հնարավոր կլինի այս փոփոխությունները ընդգրկել բանաձեւի տեքստում:

Հայկական կողմի մոտեցումները պաշտպանում է Եվրոպայում գործող քաղաքական ուժերի բավական լայն սպեկտր` քրիստոնեա -դեմոկրատներից մինչեւ սոցիալիստները: Ինչպես նշեց Հիլդա Չոբոյանը, «միայն կանաչներն են, որ դեմ են հայկական հարցի արծարծմանը Թուրքիային վերաբերող զեկույցում»:

Հանձնաժողովի կողմից վերջնական տեսքի բերվելուց ու հաստատվելուց հետո Թուրքիային վերաբերող զեկույցը կընդգրկվի Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգում: Ըստ ամենայնի, նիստը տեղի կունենա երկու շաբաթից:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG