Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Խորհրդարանին 2,5 միլիարդ դոլարանոց բյուջեի նախագիծ ներկայացնելը Սերժ Սարգսյանի համար քարոզչական նշանակություն ունի: Իհարկե, ներկա բյուջեին ավելացող գումարի կեսը կառավարությունը կապահովի դրամի, այսպես կոչված, արժեւորմամբ, այսինքն` դոլարի կուրսը կշարունակի անկում ապրել, եւ այն գումարը, որ հիմա, ասենք, մեկ միլիարդ դոլար է, տարվա վերջին կդառնա միլիարդուկես, մինչդեռ տարվա սկզբին այն մոտ էր կես միլիարդի: Բյուջետային մուտքերի մնացած մասը կառավարությունը պետք է իրականացնի հարկահանության շնորհիվ, այսինքն` մարդկանց օրինական կամ ապօրինի ձեւով ստիպելով, որ ավելի շատ հարկ վճարեն: Հարկ վճարողներն էլ, մանավանդ իշխանության հետ ուղղակի կապ ունեցող գործարարները, այդ գումարները իրենց գրպանից չեն վճարելու եւ, իրենց հերթին, թանկացնելու են իրենց մատուցած ծառայությունները եւ արտադրվող, ներմուծվող ապրանքները»:

«Ժամանակ-Երեւան» թերթի խմբագիրը, Ռուսաստանի նախագահ Պուտինի ապագա քաղաքական ծրագրերի հայաստանյան արտացոլանքը ուրվագծելով, պատկերել է. - «Եթե Քոչարյանին հաջողվեր խորհրդարանում ստեղծել ոչ հանրապետական մեծամասնություն, ապա կասկածից վեր է, որ նա կվարվեր այնպես, ինչպես վարվեց Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Նա վարչապետի պաշտոնում կնշանակեր եւ նախագահական ընտրությունների համար կպատրաստեր իր շրջապատում առկա ներքինիներից որեւէ մեկին, որը նախագահի պաշտոնը զբաղեցնելու պարագայում չէր զլանա նույնիսկ կոստյումի գույնը ընտրելիս հարցնել վարչապետ Քոչարյանի թույլտվությունը»։ «Ինչո՞ւ Քոչարյանը չգնաց այն ճանապարհով, որով գնաց Վլադիմիր Պուտինը, այսինքն՝ չգլխավորեց իր իսկ ստեղծած «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակը», - հարցրել է խմբագիրն ու պատասխանել. - «Պատճառը առավել քան պարզ է. ի տարբերություն Պուտինի, որը 8 տարվա պաշտոնավարումից հետո 70-80 տոկոսանոց վարկանիշ ունի եւ կարող է ապահովել այդ կուսակցության հաղթանակը, Ռոբերտ Քոչարյանը շատ լավ հասկանում էր, որ իր վարկանիշը զրոյական է, եւ նույնիսկ ամեն ինչ անում էր, որ «Բարգավաճ Հայաստան»-ը չնույնացվեր իր անվան հետ՝ համարելով դա սեւ քարոզչություն»։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, դիտարկելով նախագահական հավակնություն ունեցող քաղաքական գործիչների հնարավորությունները, շեշտադրել է. - «Սեպտեմբերի վերջերին արդեն ամենքի համար պարզ դարձած Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մտադրությունը արմատապես փոխում է իրավիճակը ընդդիմադիր դաշտում»։ «Այժմ արդեն այնտեղ չկան «երկրորդ տեղի բազում հավակնորդներ», քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումով ամենքի համար պարզ է մի բան՝ առաջին եւ երկրորդ տեղերը ուժերի ներկա դասավորության պայմաններում արդեն զբաղեցված են, իսկ առաջիկա ամիսներին դժվար թե արձանագրվի որեւէ լուրջ փոփոխություն», - գրել է մեկնաբանն ու բխեցրել. - «Միանշանակ է, որ սրանով խարխլվում են ոչ թե իշխանության ու նրա թեկնածու Սերժ Սարգսյանի, այլ արմատական ընդդիմությունից բոլոր այն թեկնածուների դիրքերը, որոնք հավակնում էին ընդդիմության առաջնորդի դերին։ Այսպիսով, սեպտեմբեր ամսվա ընթացքում քաղաքական դաշտում տեղի ունեցած վերադասավորումները գրեթե անխուսափելի են դարձնում երկբեւեռ դիմակայության հեռանկարը 2008-ի նախագահական ընտրություններում»։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, անթույլատրելի համարելով նորանկախ Հայաստանի պատմության տրոհումը երկու մասերի, առանձնացրել է . - «Բաժանել երրորդ հանրապետության պատմությունը երկու «սեգմենտների»՝ մինչեւ 98-ը եւ 98-ից հետո, ինչով զբաղված են «նախկին» ու «ներկա» իշխանությունները, սխալ է պատմագիտության, քաղաքագիտության եւ նույնիսկ՝ պարզ մարդկային տրամաբանության տեսակետից։ Դա մեկ ամբողջական ժամանակաշրջան է՝ իր անվիճելի ձեռքբերումներով եւ նույնքան ակնհայտ արատներով։ Բաժանումն առավել անիմաստ է դառնում նաեւ այն պատճառով, որ երրորդ նախագահի պաշտոնի ամենահավանական հավակնորդը հավասարապես թե՛ «նախկին» է եւ թե՛ «ներկա»։ Սերժ Սարգսյանը կարող է իրավամբ հպարտանալ մեր 16 տարվա նվաճումներով, եւ խորապես ամաչել բոլոր այլանդակությունների համար»։

«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագրի պատկերմամբ` «ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, իշխանությունը տեսնում է իր գլխավոր հակառակորդին, որն ընդունակ է տակնուվրա անել քաղաքական դաշտը, խափանել իշխանության անցնցում վերարտադրության ծրագիրը, վերստին ստանձնել ժողովրդին առաջնորդողի դերը»։ «Ի տարբերություն Քոչարյանի, առայժմ զգուշանում է Տեր-Պետրոսյան մասին խոսել Սերժ Սարգսյանը։ Պատճառն այն չէ, թե նա առավել խոհեմ է, քան Քոչարյանը։ Պատճառն այն է, որ Քոչարյանը հեռանում է նախագահի աթոռից, Սարգսյանը, հակառակը` մտովի փայփայում է այդ աթոռին հայտնվելու հեռանկարը։ Նա դեռ չի հաղթահարել Տեր-Պետրոսյանի դեմ հրապարակավ արտահայտվելու բարդույթը», - փաստարկել է գլխավոր խմբագիրն ու հավելել. - «Սերժ Սարգսյանն այսօր ընդամենը կարողանում է Տեր-Պետրոսյանի դեմ հաստիքային խոսողներ վարձել։ Ու Սերժ Սարգսյանի համար այսօր խոսում են մի քանի քաղաքական անօթեւաններ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG