Մատչելիության հղումներ

logo-print

Առինջում Ռուսաստանի քաղաքացու սպանության հանգամանքները հստակեցվել են


Կոտայքի մարզի Առինջ գյուղում Ռուսաստանի քաղաքացի Դիմիտրի Երմոլովի սպանության գործի նախաքննությամբ պարզվել եւ հստակեցվել են դեպքի հանգամանքները, որոնց հիման վրա որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Բալյանին եւ Արտեմ Անդրեասյանին առաջադրվել է նոր մեղադրանք:

Հայաստանի գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանի` այսօր տարածած հաղորդագրության համաձայն, «մասնավորապես, պարզվել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանն ու Ա. Անդրեասյանը, Կոտայքի մարզի Առինջ գյուղում ծառայություն կատարելու ընթացքում, [օգոստոսի 6-ին] կեսգիշերին տարածքում գտնվելու պատճառը պարզելու նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2101» մակնիշի 21 ԼԼ 884 պետհամարանիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, զինծառայող սպաներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մարկովը, Մինգիյան Օլցոնովը, եղբայրներ Դիմիտրի եւ Դենիս Երմոլովները»:

«Բռնության գործադրմամբ ավտոմեքենայից դուրս են բերել Դենիս Երմոլովին եւ Անատոլի Կռիլովին, որի ընթացքում Գ. Բալյանը բռունցքներով հարվածներ է հասցրել Դ. Երմոլովին՝ նրան պատճառելով թեթեւ վնասվածք՝ առողջության կարճատեւ քայքայումով, իսկ Ա. Անդրեասյանը ծեծի է ենթարկել Անատոլի Կռիլովին: Ավելի ուշ, երբ զինծառայողները նստել են ավտոմեքենան եւ փորձել հեռանալ, Ա. Անդրեասյանը կրակել է օդ, իսկ Գ. Բալյանը նրանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով իր մոտ գտնվող «Սայգա-ՄԿ» տեսակի 7.62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենից հինգ անգամ կրակել է ավտոմեքենայի վրա: Գնդակներից մեկը դիպել է ավտոմեքենայի մեջ գտնվող Դիմիտրի Երմոլովին, ով ստացած մարմնական վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Բալյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու եւ ապօրինի կերպով զենք կրելու համար, իսկ Անդրեասյանին` ապօրինի կերպով զենք կրելու եւ ծեծի համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG