Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ե՞ւս կդառնա միջուկային երկիր


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հավանություն է տվել Ադրբեջանում միջուկային-հետազոտական առաջին ռեակտորի կառուցմանը: Դեկտեմբերին ադրբեջանցի գիտնականների եւ պաշտոնյաների պատվիրակությունը մեկնելու է Վիեննա՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայան, որտեղ ուսումնասիրելու է ռեակտորի կառուցման փուլերը:

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Մահմուդ Քերիմովը «Նեզավիսիմայա գազետա»-ին ասել է, որ առաջին միջուկային ռեակտորը, հավանաբար, կկառուցվի «Բաքվի եւ Սումգայիթի միջեւ»: Նրա խոսքերով, Վիեննայում ըմբռնումով են արձագանքել ռեակտոր կառուցելու` Բաքվի նախաձեռնությունը: Թերթը նշում է, որ ռեակտորի կառուցումը ֆինանսավորելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը: Առաջին ռեակտորի հզորությունը կլինի մեկ մեգավատտից քիչ:

«Էներգետիկայում միջուկային ատոմակայաններին այլընտրանք չկա: Այսօրվա դրությամբ, շատ երկրներ մրցակցության մեջ են մտել այդպիսի ատոմակայաններ կառուցելու համար: Մոտ ապագայում Ադրբեջանում ատոմակայան կառուցելու ծրագիր չկա, բանակցություններ այդ հարցի շուրջ չեն ընթանում», - ասել է Քերիմովը:

«Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է, թե Ադրբեջանում դեռ խորհրդային տարիներին կար ատոմակայան կառուցելու ծրագիր, որը նույնիսկ համաձայնեցված էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Այդ կայանը պետք է կառուցեին Բաքվից 100 կիլոմետր հարավ-արեւելք գտնվող Նավայի բնակավայրի մոտակայքում, որը սեյսմիկ առումով շատ բարենպաստ շրջան է:

Մասնագետների կարծիքով, եթե Ադրբեջանում հաջորդ տարվանից մեկնարկի այդ ծրագիրը, ապա ատոմակայանը հնարավոր է շահագործման հանձնել մոտավորապես 2025 թվականին: Եվ հենց այդ ժամանակաշրջանում էլ, ինչպես կանխատեսում են էներգետիկները, երկրում կարող են սպառվել բնական գազի եւ նավթի պաշարները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG