Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության բանաձեւը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում կքննարկվի հոկտեմբերի 10-ին


Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագիծը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում քննարկվելու է հոկտեմբերի 10-ին: Այդ մասին տեղեկացնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը` նշելով, որ հանձնաժողովի կողմից քննարկվելուց եւ ընդունվելուց հետո օրինագիծը կներկայացվի Պալատի լիագումար նիստի քննարկմանը:

Այս տարվա հունվարի 30-ին Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի եւ Ջո Նոլենբերգի եւ եւս մի քանի կոնգրեսականների կողմից ներկայացված նախագիծը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության պատշաճ ըմբռնում:

Նախագիծը պաշտպանում է Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնությունը` 226 կոնգրեսական, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ի 39 նահանգներ:

Համանման օրինագիծ է ներկայացված նաեւ Սենատում` Ռիչարդ Դըրբինի եւ Ջոն Ինսայնի կողմից, որը պաշտպանում են ամերիկյան խորհրդարանի վերին պալատի 31 անդամներ, այդ թվում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը եւ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG