Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյան. «Կարծում եմ, դատարանը պետք է հաշվի առնի իմ միջնորդությունը»


Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կարծիքով, Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առնի «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու իր միջնորդությունը, քանի որ Հակոբյանը ինքնակամ վերադառնում է Հայաստան եւ պատրաստ է ներկա գտնվել դատական նիստին:

«Որովհետեւ այդ խափանման միջոցը` կալանքը, որոշվում է` հաշվի առնելով, որ տվյալ քաղաքացին կարող է խոչընդոտել դատական գործընթացին` փախչել, չներկայանալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մարդու իրավունքների պաշտպանը: - «Տվյալ դեպքում, եթե նա ինքը կամավոր վերադառնում է եւ այդ մասին տեղյակ է պահում, կարծում եմ, նրա նկատմամբ նմանատիպ խափանման միջոց ընդունելը ճիշտ չէ»:

Գագիկ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ հոկտեմբերի 3-ին վերադառնալու է Իսպանիայից:

«Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարանին, որովհետեւ նրա որոշմամբ է այդ ամենը արվել [խափանման միջոց է ընտրվել կալանքը], եւ հիմք է հանդիսացել կոնկրետ քաղաքացու պաշտոնական դիմումը մեզ, որտեղ նա նշում է, որ առողջական պատճառներով էր մեկնել Իսպանիա, այլ ոչ թե փորձել էր խոչընդոտել դատական գործընթացին: Նա վերադառնում է մասնակցելու եւ խնդրում է, որպեսզի մենք միջնորդենք` խափանման միջոցը փոխվի: Եվ մենք միջնորդել ենք», - ասաց Արմեն Հարությունյանը` հավելելով. - «Բայց պետք է նշեմ, որ այդ խափանման միջոցը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ նա փաստացիորեն վերադառնա Հայաստան: Այսինքն, սկզբնական փուլում գործելու է եղած խափանման միջոցը, բայց նրա գալու փաստով դատարանը կարող է որոշումը փոխել, եւ խափանման միջոցը փոխվի: Բայց մինչեւ գալը դեռ փոխվել չի կարող»:

«Այսինքն, միեւնույն է, եթե Գագիկ Հակոբյանը ժամանի Հայաստանի Հանրապետություն, նրան պետք է ձերբակալեն, հետո՞ դատարանը որոշի փոխել խափանման միջոցը», - այս հարցին Արմեն Հարությունյանը պատասխանեց. - «Այո, բայց արդեն գալու փաստով դատարանը որոշումը կփոխի»:

Իսկ եթե, այդուհանդերձ, Հակոբյանի վերադառնալուց հետո էլ խափանման միջոցը չփոխվի` մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ «անպայման մտածել` ինչ ձեւով այդ հարցին մոտենալ»:

Գագիկ Հակոբյանի փաստաբան Աշոտ Սարգսյանը, մինչդեռ, համոզված է, որ իր պաշտպանյալին կձերբակալեն հենց օդանավակայանում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգսյանը ասաց, թե վստահ է, որ Հակոբյանին ձերբակալելու են անգամ ոչ թե օդանավակայանում, այլ օդանավում. - «Այո, շոուն պետք է ստեղծեն. օդանավում, գան, միանգամից ձեռնաշղթաներով... տեսեք բռնեցինք»:

Սարգսյանը ասաց նաեւ, որ Հակոբյանը, իմանալով, որ իրեն Հայաստանում ձերբակալելու են, ինքնակամ վերադառնում է` նաեւ այս կերպ ցանկանալով ապացուցել իր անմեղությունը:

Գագիկ Հակոբյանը եւ նրա տեղակալ Արամ Ղազարյանը ձերբակալվել էին 2005 թվականի հոկտեմբերին, երբ հրապարակայնորեն Հայաստանի մաքսային ծառայությանը մեղադրեցին կոռուպցիայի մեջ:

Մեկ տարի 9 ամիս Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացրած «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարների համար մեղադրող կողմը դեռ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, համապատասխանաբար, 12 եւ 11 տարվա ազատազրկում էր պահանջել, սակայն նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

Գործը ներկայումս քննող Վերաքննիչ դատարանը օգոստոսի 29-ին բավարարել է դատախազության միջնորդությունը` որոշելով փոխել Գագիկ Հակոբյանի խափանման միջոցը եւ կալանել նրան: Հակոբյանին հայտնաբերելը եւ կալանելը Վերաքննիչ դատարանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG