Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը սեփական թեկնածուն կառաջադրի նախագահական ընտրություններում


«Օրինաց երկիր» կուսակցության վարչության` շաբաթավերջին կայացած ընդլայնված նիստում կայացվել է որոշում 2008-ի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու վերաբերյալ:

«Իհարկե, խոսքը կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի մասին է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Ավոյանը:

Բաղդասարյանի թեկնածությունը, ըստ Ավոյանի, կհաստատվի նոյեմբերի առաջին կեսին կայանալիք «Օրինաց երկիր»-ի համագումարում:

Պատասխանելով հարցին, թե սեփական թեկնածուով նախագահական ընտրությունների գնալը արդյո՞ք նշանակում է, որ քաղաքական այլ ուժերի հետ անցկացված խորհրդակցություններն ու քննարկումները արդյունքի չհանգեցրին, Ավոյանը ասաց. - «Կայացան այդ հանդիպումները, եւ, ըստ էության, որոշակի որոշում չընդունվեց: Դրան հաջորդեց մեր վարչության ընդլայնված նիստը: Վարչությունը ընդունեց հայտարարություն, [որ] պետք է մասնակցի սեփական թեկնածուով»:

Արտաշես Ավոյանը ասաց, թե «դժվարանում է պատասխանել» Արթուր Բաղդասարյանի` ընդդիմության միասնական թեկնածու դառնալու հնարավորության մասին հարցին. - «Քաղաքական զարգացումների ընթացքը ցույց կտա, թե ինչպիսին կլինի իրավիճակը նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումից անմիջապես առաջ»:

Նա ասաց նաեւ, որ իրենց կուսակցությունը դրական է վերաբերվում անցած շաբաթավերջին կայացած Դաշնակցություն - Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը. - «Կարծում եմ, որ նման շփումները միայն օգտակար կարող են լինել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի եւ հիմնական դերակատարների` քաղաքական գործիչների համար»:

Հարցին, թե հանդիպման առաջարկ եղե՞լ է Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի կողմից, Ավոյանը պատասխանեց. - «Այո, հանդիպման առաջարկներ եղել են, եւ, կարծում եմ, առաջիկա օրերի ընթացքում նաեւ որոշակի հանդիպումներ եւ շփումներ կլինեն»:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG