Մատչելիության հղումներ

Տիմոշենկոյի դաշինքը առայժմ առջեւում է


Ուկրաինայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դաշինքը առայժմ առաջ է անցնում մրցակիցներից:

Արդեն հաշվարկված է ձայների շուրջ կեսը, եւ ըստ այդ տվյալների, Տիմոշենկոյի դաշինքը ստացել է քվեների 33,5 տոկոսը, իսկ վարչապետ Վիկտոր Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցությունը» 30,5 տոկոսով երկրորդն է:

Այնուհանդերձ, փորձագետների կանխատեսումներով, իրավիճակը կարող է փոխվել առաջիկա երկու ժամերի ընթացքում, երբ հաշվարկվեն քվեները Ուկրաինայի արեւելյան եւ հարավային շրջաններում: «էքզիթ փոլ»-երի տվյալներով, այդ շրջաններում ակնհայտ առաջատար է «Ռեգիոնների կուսակցությունը»: Կանխատեսվում է, որ հիմնականում ռուսախոս բնակչություն ունեցող այդ շրջաններում գործող վարչապետի օգտին տրված քվեները կարող են հասնել 35 տոկոսի:

Յուլիա Տիմոշենկոն արդեն հայտարարել է, որ իր դաշինքը եւ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի «Նաշա Ուկրաինա» կուսակցությունը միասին կարող են 45 տոկոս ձայն ունենալ:

«Այս խորհրդարանական ընտրություններում Ուկրաինայի ժողովրդավարական ուժերը կրկին հաղթեցին: Սովորականի պես, մենք միասին ավելի շատ ձայն կունենանք, քան մեր մրցակիցները», - ասել է Տիմոշենկոն` հավելելով. - «Ես կցանկանայի այս հաղթանակի կապակցությամբ ողջունել նախագահին եւ բոլոր ժողովրդավարական ուժերին»:

Վերլուծաբանները, հիմնվելով քվեարկության նախնական արդյունքների վրա, արդեն իսկ կանխատեսում են, որ «նարնջագույն» հեղափոխության շրջանի դաշնակիցներ Տիմոշենկոն եւ Յուշչենկոն կարող են ձեւավորել նոր կոալիցիոն կառավարություն:

Վիկտոր Յանուկովիչը, սակայն, հայտարարել է, որ եթե իր կուսակցությունն ստանա ամենաշատ թվով ձայները, ապա կառավարությունը ձեւավորելու են իրենք:

«Մենք այս ընտրությունների հաղթողներն ենք, եւ ես վստահ եմ, որ մենք հաղթել ենք եւ իրավունք ունենք կազմելու կոալիցիա», - ասել է Ուկրաինայի ներկայիս վարչապետը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրության իրավունք ունեցող 37,5 միլիոն ուկրաինացիների շուրջ 60 տոկոսը մասնակցել է կիրակի օրվա ընտրություններին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG