Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը հանդիպել է ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ


Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական խոշոր կազմակերպությունների՝ «Ընդդեմ վարկաբեկման միության» եւ Ամերիկայի հրեական համագումարի ղեկավարների հետ: «Ջերուսալեմ փոստ» օրաթերթի փոխանցմամբ, նա հերթական անգամ հայտարարել է, թե Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանություն չի եղել, քանի որ «այդ պնդումները գիտական եւ պատմական փաստաթղթերով չեն հիմնավորվում»:

Էրդողանը հիշեցրել է, որ «Թուրքիան Հայաստանին առաջարկում է ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի պատմական փաստերը»:

Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ի հրեական կառույցներին հորդորել է «աջակցել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հրեական համայնքի բարեկամական հարաբերություններին»:

Թերթի փոխանցմամբ, «Ընդդեմ վարկաբեկման միության» նախագահ Աբրահամ Ֆոքսմանն ասել է, թե նպատակահարմար չէ, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քվեարկության դրվի ԱՄՆ-ի Կոնգրեսում:

«Մենք համոզված ենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պատմական խնդիրը պետք է կարգավորեն այդ երկու կողմերը, այլ ոչ թե ԱՄՆ-ի Կոնգրեսը կամ որեւէ այլ պետության խորհրդարան: Սա քաղաքական խնդիր չէ, եւ կոնգրեսականներն էլ պատմաբաններ չեն», - ասել է Ֆոքսմանը եւ հավելել. - «Համոզված եմ, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե անցյալի, այլ ապագայի վրա: Եթե հրեական համայնքը եւ ԱՄՆ-ը ցանկանում են օգնել, ապա պետք է աշխատեն Թուրքիայի եւ Հայաստանի համաձայնության ուղղությամբ՝ հանուն այս երկու ժողովուրդների գալիք սերունդների»:

«Ջերուսալեմ փոստ»-ը նշում է, որ «Ընդդեմ վարկաբեկման միություն»-ը նոյեմբերի 1-ին կայանալիք տարեկան ժողովի ընթացքում պետք է իր դիրքորոշումը հայտնի ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման հարցի նկատմամբ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG