Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 29-ը սեպտեմբերի)

«Ասուլիսային մղձավանջ» վերնագրի տակ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագրականը շեշտադրել է. - «Թեեւ նախագահական ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, սակայն, ըստ ամենայնի, նախընտրական արշավն արդեն սկսված է։ Իսկ քանի որ Ընտրական օրենսգիրքը որեւէ սահմանափակում չի նախատեսում նախագահի թեկնածու առաջադրվելու համար՝ բացի տարիքային ցենզը, ուստի յուրաքանչյուր ոք, անգամ ՀՀՇ-ի Գեւորիկը (որն այժմ դարձել է հանրապետական Գեւորիկ) կարող է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել եւ քվեարկվել»։ «Էլ չենք խոսում նախագահացուների թիմակիցների եւ տարբեր ազգական-հարեւանների մասին», - գրել է խմբագիրն ու հավելել. - «Առավել «նուրբ» վիճակում են հայտնվել բոլոր նրանք, ովքեր այնքան էլ համոզված չեն, թե ով է ապագա նախագահը եւ չեն ուզում կորցնել վերջինիս բարեհաճությունը շահելու չնչին իսկ հնարավորությունը։ Էլ չենք խոսում այն անձանց մասին, ովքեր եղել են եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, կան ու բարգավճում են նաեւ այժմ»։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, պնդելով, որ «զուտ քաղաքական բաղադրիչը» Լեւոն Տեր-Պետրոսյանի «խոսքերում եւ գործողություններում չորրորդական պլանում է», հիմնավորել է. - «Առաջին նախագահի նման մտավորականների անհրաժեշտությունն առաջանում է հեղափոխական իրավիճակում, իսկ լճացման, անտարբերության, ցինիզմի, կեղծավորության ժամանակաշրջանում պահանջարկ ունեն ավելի նեղ, «ուտիլիտար» քաղաքական մենեջերները»։ «Բայց եթե վերանանք անձերից, ապա կարելի է արձանագրել, որ մեր խնդիրների կեսը պայմանավորված է երկրի ներսում գործող անարդյունավետ քաղաքական, հասարակական, տնտեսական համակարգով, մյուս կեսը՝ ղարաբաղյան խնդրով, շրջափակմամբ եւ այլն», - ընդգծել է գլխավոր խմբագիրն ու եզրակացրել. - «Առաջին կեսը կախված է բացառապես մեզնից, երկրորդը՝ նաեւ մի շարք այլ երկրներից ու գործոններից։ Եթե մենք կարողանանք արագ եւ արդյունավետ կերպով իրականացնել երկրի արդիականացումը, ապա գուցե Ղարաբաղի խնդրի լուծումն էլ կերեւա»։

«Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում գնահատելով ՀՀՇ-ի քաղաքական հավակնությունները առաջիկա նախագահական ընտրություններում` Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը շեշտադրել է. - «Բոլորս պետք է կարողանանք ռեալ գնահատել քաղաքական իրողությունները, ուժերի հնարավորություններն ու չապավինենք հրաշքների»։ «Ընտրողը շատ լավ գիտի, թե որ կուսակցությունն ինչպիսի հնարավորություններ ունի», - ասել է հանրապետական գործիչն ու հասցեագրել. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե դնի էլ իր թեկնածությունը, որեւէ արտառոց բան տեղի չի ունենա։ Այն մրցակցությունը, ինչի մասին խոսում է ՀՀՇ-ն, չի լինելու, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գործադրելու է նույն ռեսուրսը, ինչ ունի ՀՀՇ-ն։ Իսկ ինչ ներուժ ունի ՀՀՇ-ն՝ բոլորս տեսանք ապրիլ-մայիսին։ Օբյեկտիվորեն կարող է ավելանալ միայն թեկնածուի անձնական վարկանիշը»։

«168 ժամ» թերթը իր խմբագրականում գրում է. - «Թեեւ ՀՅԴ-ն նախագահի միանգամից երկու թեկնածու է առաջադրել, սակայն, նկատի ունենալով վերջին տարիներին ՀՅԴ-ի լղոզված կեցվածքը, այդ փաստն առանձնակի հիմքեր չի տալիս պնդելու, թե նշված երկու թեկնածուներից մեկն անպայման մինչեւ վերջ մասնակցելու է ընտրապայքարին»։ «Մանավանդ, եթե ուրվագծվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի առաջադրումը», - շեշտել է խմբագիրն ու առանձնացրել. - «Առաջին հայացքից կարող է թվալ, թե ՀՅԴ-ի «ոչ սեփական» թեկնածուն վերջում դառնալու է Սերժ Սարգսյանը։ Սակայն, վերջերս ՀՅԴ-ում եւ քաղաքական որոշակի շրջանակներում առկա խմորումները վկայում են, որ իրականում ՀՅԴ-ն հող է նախապատրաստում որեւէ պահի արտգործնախարար Վարդան Օսկանյանի թեկնածությունն առաջադրելու համար։ Այս տեսլականն իրական է թվում վերջերս Օսկանյանի կողմից Հայաստանի գյուղական բնակավայրեր կատարվող այցերի ծիրին մեջ»։

«Ժամանակ Երեւան» թերթի փոխանցմամբ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Երեւանի Ավան համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանը «երկմտանքի մեջ է»։ Թերթի տեղեկություններով՝ «հոր անսպասելի մահից հետո Անդրանիկ Մարգարյանի որդին որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում քաղաքական ուժերի, այսպես ասած, մարգարյանական թեւն ուղղորդել ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության»։ «Այս մտադրությունից հետ պահելու համար իշխանությունները նրան Երեւանի քաղաքապետի պաշտոն են խոստացել, սակայն, Մարգարյանի որդին առանձնապես վստահ չէ, որ այս իշխանություններն իրեն չեն «քցի», - պնդում է «Ժամանակ Երեւան»-ը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG