Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության բանաձեւի դեմ են արտահայտվել Պենտագոնի նախկին երեք ղեկավարներ


Հետեւելով նախկին պետքարտուղարների օրինակին` Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին երեք նախարարներ եւս նամակ են հղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին` կոչ անելով կանխել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը:


ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության նախկին ղեկավարներ Ֆրենք Քարլուչին, Ուիլյամ Քոհենը եւ Ուիլյամ Փերին համատեղ նամակում մտահոգություն են հայտնում, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից վնաս կհասցի ԱՄՆ - Թուրքիա հարաբերություններին:

Նամակի հեղինակների պնդմամբ` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մեծ դեր ունի Բալկաններում եւ Միջին Արեւելքում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին աջակցելու գործում:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի փոխանցմամբ` Պենտագոնի երեք նախկին ղեկավարները Թուրքիայի հետ գործընկերությունը գնահատում են որպես արժեքավոր եւ ընդգծում են դրա նշանակությունը պաշտպանության բնագավառում երկկողմ հարաբերություններում:

Նամակում ասված է, թե բանաձեւի ընդունումը հնարավոր է վատթարացնի Միացյալ Նահանգների նկատմամբ հասարակական կարծիքը Թուրքիայում:

Նախկին նախարարները նշում են, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է ենթարկվել հասարակական ճնշումների եւ սահմանափակել Միացյալ Նահանգների ներկայությունը Ինջիրլիքի ռազմակայանում, այդ թվում` ռազմակայանը օգտագործելու համար Միացյալ Նահանգների օդուժին տրված թույլտվությունը, ընդհուպ` փակել ռազմակայանից դեպի Իրաք ու Աֆղանստան կատարվող թռիչքների ճանապարհը:

Ընդունելով հանդերձ «Օսմանյան կայսրության անկման շրջանում` անցյալ դարազսկզբին տեղ գտած ահավոր ողբերգությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը»` ամերիկյան ռազմական գերատեսչության նախկին ղեկավարները իրենց նամակի վերջում Ներկայացուցիչների պալատին հորդորում են «քննարկել զոհերի հիշատակը հարգելու այլ պատշաճ ուղիներ` առանց վնաս հասցնելու Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություներին»:

Մինչ այս նամակը, Հայոց ցեղասպանությունը չանաչող բանաձեւի նախագիծը քվերակության չդնելու կոչով Ներկայացուցիչների պալատի խոսնակին էին դիմել Միացյալ Նահանգների ութ նախկին պետքարտուղարներ:

Արձագանքելով նախկին պետքարտուղարների նամակին` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը անցած շաբաթավերջին տարածել էր հայտարարություն,, որում, մասնավորապես, ասված էր. - «Ես արդեն գրել եմ խոսնակ Փելոսիին` արտահայտելով մեր խորը մտահոգությունը եւ ցրելով հետեւանքների մասին այն սին հայտարությունները, թե որեւէ բանաձեւ, որն անդրադառնում է մարդու իրավունքների եւ ցեղասպանության հարցերին, կարող է վնասել որեւէ երկկողմ հարաբերություններին»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG