Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյան. «Կփորձեմ սիրել, գուրգուրել այն մարդկանց, ովքեր վիրավորել են «Ազգային միաբանությանը» եւ ինձ»


«Կփորձեմ շատ սիրել, գուրգուրել ճիշտ այն մարդկանց, ովքեր վիրավորել են «Ազգային միաբանություն» կուսակցությանը եւ անձամբ ինձ, այն է` հին ու նոր իշխանություններին», - «Ազգային միաբանության» տասնամյա գործունեությանը նվիրված կոնֆերանսում հայտարարեց կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

«Ես անձնական թշնամանք չունեմ ոչ Սերժ Սարգսյանի եւ ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ, ուստի բոլորին եմ ասել` եկեք խելք-խելքի տանք, հանենք երկիրն այս իրավիճակից», - ասաց Գեղամյանը:

Միաժամանակ, «Ազգային միաբանության» առաջնորդի խոսքերով, ժողովուրդը աղքատ է, այս իշխանությունը չի մտածում նրա բարեկեցության, ապահովության, կենսամակարդակի բարձրացման մասին, օլիգարխները կեղեքում են մարդկանց, միլիարդավոր դոլարներ բյուջե մուտք չեն գործում:

Անդրադառնալով այն փաստին, որ ինքը չէր մերժել սեպտեմբերի 21-ը` Անկախության տոնը նախագահական նստավայրում նշելու հրավերը, Գեղամյանը հայտարարեց. - «Բա եթե առաջին քայլն արել է, իրեն այդքան քննադատելուց հետո հրավիրել է, այն էլ` ազգային Անկախության տոնին, ի՞նչ, չգնա՞մ: Ձեզ թվում է` Ռոբերտ Քոչարյանը, կամ Սերժ Սարգսյանը, կամ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա` ես հետները հարց ունե՞մ»:

Մամուլի հրապարակումներին, թե ընդունելության ամբողջ ընթացքում «Ազգային միաբանության» առաջնորդը շփվել էր Սերժ Սարգսյանի փեսայի հետ, Գեղամյանը ամբիոնից հակադարձեց. - «Սերժի փեսան հորս մոտ ընկերոջ թոռն է, իմ էլ` լավ ընկերոջ տղան, տեսնեմ` խռովեմ, շուռ գամ-գնա՞մ: Սա՞ է ձեր մակարդակը»:

«Ազգային միաբանության» առաջնորդի ելույթում չհնչեցին հեղափոխական խոսքեր, վիրավորանք այսօրվա իշխանությունների հասցեին: Նա ընդգծեց, որ իրավիճակը երկրում խիստ մտահոգիչ է, պետք է համախմբվել եւ լուծում գտնել:

«Ազգային միաբանություն»-ը կուսակցության նախագահությանն առաջարկեց նախագահական ընտրություններում առաջադրել Արտաշես Գեղամյանի թեկնածությունը:

Արդյոք կուսակցությունը սեփական թեկնածուո՞վ կմասնակցի նախագահական ընտրապայքարին, թե՞ կորոշի սատարել մեկ այլ թեկնածուի` պարզ կդառնա նոյեմբերին` «Ազգային միաբանության» նախագահության նիստից հետո:

«Չգիտեմ` ում ինչ է պետք, մեզ պետք է մեծ, անվտանգ Հայաստան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արտաշես Գեղամյանը:

«Մեծ Հայաստան ունենալու ճանապարհին հնարավո՞ր է արդյոք, որ դուք, օրինակ, Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու որոշում կայացնեք», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին «Ազգային միաբանության» առաջնորդը արձագանքեց. - «Մեծ Հայաստան ունենալու ճանապարհը պայմանավորված չէ այս կամ այն անձի իշխանության գալով, պայմանավորված է ազգային միաբանությամբ: Ցանկացած քաղաքացի, որը համոզի մեզ, որ այո, ինքն է այդ գաղափարը կրողը` բնականաբար»:

Գեղամյանը խոստացավ, որ «Ազգային միաբանության» տասնամյակին նվիրված եւս մեկ միջոցառում տեղի կունենա` ավելի տոնական:

Այսօրվա հանդիպմանը փոքր թվով քաղաքական գործիչներ էին հրավիրված` Պարույր Հայրիկյանը, Հայկ Բաբուխանյանը, Խորեն Սարգսյանը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը կոնկրետ առաջարկով էր եկել. - «Միասին որոշել ենք` այս նախագահական ընտրությունները, այսպես թե այնպես, գանք մեկ միասնական թեկնածուի գաղափարին: Կուսակցություններին մենք դեռ տեղյակ չենք պահել: Համագործակցությունը շարունակելու ենք այնքան, որ նախագահական ընտրությունների հաջող ավարտի դեպքում, կամ անգամ անհաջողության դեպքում կուսակցությունների հետ բանակցելով հանդերձ` կարող է պատահել նաեւ, որ երկու կուսակցությունները միավորվեն-դառնան մեկ հզոր ուժ-կուսակցություն»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG