Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժման անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին այցելել է Հայ հեղափոխական դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոն եւ մոտ 40 րոպե զրուցել Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Հանդիպումից հետո Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ վերջին 14 տարվա ընթացքում սա առաջին հանդիպումն էր, եւ կարեւորը հենց հանդիպման փաստն էր:

Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը հայտնեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ պայմանավորվել են առաջիկա ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ պայքար մղել, զերծ մնալ ցեխարձակումներից, պայքարի դաշտում պահպանել խաղի որոշ կանոններ` երկրում քաղաքական մշակույթ հաստատելու նպատակով:

«Կարծում եմ, որ այցի նպատակը հենց այցի մեջ էր, այցը կատարելու մեջ էր: Բայց, իմիջիայլոց, նաեւ պայմանավորվեցինք մնալ քաղաքական-գաղափարական պայքարի մակարդակի վրա եւ չիջնել այդ մակարդակից», - ասաց Հրանտ Մարգարյանը: - «Հանդիպման առաջարկի ընդունումը մեր կողմից կարեւոր էր այն առումով, որ մենք եւս, մեր հերթին, անձնական օրինակ ցույց տալու խնդիր ունեինք` երկրում համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու, քաղաքական մշակույթ ձեւավորելու»:

«Այսինքն, ձեր հանդիպման ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը բացեիբաց ասաց, որ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, եւ պայմանավորվել եք, որ քաղաքակիրթ պայքա՞ր եք մղելու իրար հետ», - այս հարցին Հրանտ Մարգարյանը պատասխանեց. - «Իր ասածը այն էր, որ լրջորեն մտադիր է դնել իր թեկնածությունը, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել»:

Իսկ խոսե՞լ են արդյոք հին խնդիրներից, թե՞ այս այցով արդեն համերաշխություն է կնքվել Դաշնակցության եւ ՀՀՇ-ի միջեւ` այս առնչությամբ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը ընդգծեց. - «Համերաշխությունը բավական լուրջ ածական է: Գիտակցաբար երկուսս էլ չխոսեցինք անցյալի մասին, որովհետեւ, վերջապես, բոլորիս, կարծում եմ, պետք է ավելի շատ մտահոգի մեր երկրի, մեր ժողովրդի ապագան»:

Մարգարյանը չի կարծում, թե Տեր-Պետրոսյանը` որպես նախագահի թեկնածու, կարող է ուժեղ մրցակից լինել Դաշնակցության համար. - «Որովհետեւ իր մոտ շատ դրական փոփոխություններ չտեսա: Բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ մասնակցի, որպեսզի քաղաքական դաշտը ավելի իրական դասավորում ունենա, ամեն մարդ, ամեն ուժ իր համապատասխան տեղը կարողանա գրավել այս դաշտում, եւ բոլորն էլ վերանան վերացական հաշվարկումներից եւ կանխատեսումներից: Ինքը կարեւոր անձ է այս պայքարի մեջ, սակայն կարծում եմ նաեւ, որ ինքը մեր դաշտը չի մտնում, իրեն քվեարկողը մեզ չի քվեարկի, մեզ քվեարկողը իրեն չի քվեարկի»:

«Այսինքն, ձեր հիմնական մրցակիցը շարունակելու է մնալ Հանրապետական կուսակցության թեկնածո՞ւն», - այս հարցին Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը հակադարձեց. - «Մենք մեզ համար ենք պայքարում, ոչ ոքի դեմ չենք պայքարում` ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ոչ էլ ուրիշի: Մենք մեզ համար ենք պայքարում, մեր քաղաքական ուղղության համար, մեր ծրագրերի հաջողության համար: Մենք պայքարում ենք հանուն Դաշնակցության նպատակների, արժեքների, ծրագրերի իրականացման»:

Ալեքսանդր Արզումանյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով այսօրվա այցին, ասաց, թե այն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում է կատարվել: Նախկին նախագահը կարեւոր դերակատարում ունեցող քաղաքական ուժերի հետ հանդիպում է, եւ Դաշնակցության ղեկավարների հետ այսօրվա հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է այն հարցը, թե նախընտրական փուլում տարբեր քաղաքական ուժեր ինչպե՞ս կարող են աջակցել, որպեսզի առաջիկայում լինի քաղաքակիրթ եւ գաղափարական պայքար:

«Կարեւոր է, որ նման կոնսուլտացիաները շարունակվեն: Ինձ թվում է, որ կարեւորը երկու կողմերի համար էլ այն է, որ բանավեճը նախընտրական փուլում լինի քաղաքակիրթ, քաղաքական իր բնույթով», - ընդգծեց Արզումանյանը: - «Եվ լինելով կարեւորագույն դերակատարություն ունեցող այս երկրի կայացման եւ զարգացման գործում` շատ կարեւոր է, որ այդ քաղաքական կուսակցությունները հենց իրենք ցույց տան այդ բարիկամեցողությունը, այդ բարի կամքը, որպեսզի երկխոսությունը, բանավեճը լինի քաղաքական եւ չվերածվի գողական ռազբորկաների, չվերածվի ընտրակաշառքների բաժանման եւ այլն»:

«Իսկ հաշվի առնելով անցյալի խնդիրները` հնարավո՞ր է այսօր կոնկրետ ձեր մատնանշած այդ խնդիրների շուրջ Դաշնակցության եւ ՀՀՇ-ի համագործակցությունը», - այս հարցին նախկին արտգործնախարարը արձագանքեց. - «Կարծում եմ, ինքը հանդիպման փաստը եւ վայրը պատասխան է ձեր հարցին»:

Արզումանյանի խոսքերով, «ՀՀՇ-ն Դաշնակցությանը համարում է լուրջ դերակատարություն ունեցող քաղաքական ուժ, եւ ըստ այդմ, անշուշտ, Դաշնակցության թեկնածուն կարող է լուրջ դերակատարություն ունենալ նախագահական ընտրությունների ժամանակ»:

Նախկին արտգործնախարարը շեշտեց, որ դեռ չի կարող միանշանակ ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնական որոշում է կայացրել եւ մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին. - «Իր ասածը, որ ասվեց սեպտեմբերի 21-ին, ուժի մեջ է: Նա դեռ շարունակում է ուսումնասիրել քաղաքական դաշտը եւ որոշում կկայացնի իր այս բոլոր կոնսուլտացիաները անցկացնելուց, քաղաքական իրավիճակը ծանրութեթեւ անելուց հետո: Այսինքն, որեւէ բան այդ իմաստով չի փոխվել»:

Դաշնակցության ղեկավարության հետ հանդիպումից հետո Հայաստանի առաջին նախագահը մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ նախատեսված է հանդիպում տեղի բնակչության հետ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG