Մատչելիության հղումներ

Լոնդոնում ցուցադրվել են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող վավերագրական ֆիլմեր


Երեկ ուշ երեկոյան Lոնդոնի ժամանակակից արվեստների ինստիտուտում ցուցադրվել են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող վեց վավերագրական ֆիլմեր, որոնք պատմում են պատերազմի, դրա պատճառած տառապանքների ու հրադադարից հետո հակամարտության երկու կողմերում սկիզբ առած նոր կյանքի մասին:

Ցուցադրությունը նախաձեռնել էր հեղինակավոր Conciliation Resourses միջազգային կազմակերպությունը, որի նպատակն է նպաստել աշխարհում առկա հակամարտությունների կարգավորմանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ծրագրի համահեղինակ Ջոնաթան Քոուինը, «ֆիլմերից յուրաքանչյուրը յուրատեսակ հայելի է` հակառակորդ կողմին եւ ինքդ քեզ տեսնելու համար». - «Սրանք ֆիլմեր են, որոնց միջոցով երիտասարդ լրագրողները ի ցույց են դնում` ինչ է փոխվել շարքային մարդկանց կյանքում ղարաբաղյան հակամարտության արդյունքում: Դրանք պատմում են տեղահանված մարդկանց ու փախստականների, պատերազմի արդյունքում անդամահատված կամ կուրացած մարդկանց մասին: Պատմում են ոչ միայն ցավով, այլեւ հումորով, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ ու ընկալել հակառակ կողմում ապրողների ցավն ու փորձառությունը»:

Քոուինի խոսքերով, երկարատեւ գործունեության ընթացքում կազմակերպությունը առաջին անգամ է ընտրել ֆիլմերի միջոցով կողմերի միջեւ երկխոսություն հաստատելու տարբերակը. - «Նպատակը մեկն է` որքան հնարավոր է լայն լսարան ընդգրկել եւ հնարավորին չափ շատ մարդկանց ներգրավել բանավեճի եւ երկխոսության մեջ, քանի որ դա է խնդրի կարգավորմանը տանող ամենաարդյունավետ ճանապարհը»:

«Հրադադարից անցել է արդեն 15 տարի, հակամարտությունն էլ շուտով կբոլորի երկրորդ տասնամյակը: Մինչդեռ քաղաքական գործիչները շարունակ հանդես են գալիս միեւնույն հայտարարություններով` կողմերը մոտ են խնդրի կարգավորմանը, կան մեծ ակնկալիքներ ու բաց պատուհաններ, այս տարի ընտրությունների տարի է, կամ հակառակը... Իրականում, սակայն, իմ համոզմամբ, նրանք ուղղակի պատրաստ չեն համաձայնություն կնքել, քանի որ վստահ չեն, թե կկարողանան կատարված փոխզիջումները ներկայացնել տեղում` սեփական ժողովրդին», - ասաց Ջոնաթան Քոուինը:

Նրա համոզմամբ, «իրական առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է ահռելի աշխատանք կատարել, կողմերի միջեւ շփումներ հաստատել, դիմացինի, ինչպես նաեւ սեփական տանը տիրող իրավիճակի մասին թարմ ու անաչառ տեղեկություններ տարածել»:

«Մինչդեռ քաղաքական գործիչները, սեփական շահերից ելնելով, շարունակում են հանդես են գալ ռազմաշունչ ու հարձակողական հայտարարություններով», - ընդգծեց միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG