Մատչելիության հղումներ

Ռուս - վրացական բանավեճը տեղափոխվեց ՄԱԿ


Երեկ Նյու Յորքում տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վրաստանի հատուկ ջոկատները բռնել ու դաժան հաշվեհարդար են տեսել աբխազ երկու զինվորականների հետ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, իր հերթին, ՄԱԿ-ի ամբիոնից Ռուսաստանին մեղադրել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անջատողականներին աջակցելու մեջ եւ միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ռուսաստանի գործողությունները:

Արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարություններին` Սահակաշվիլին ասել է. - «Ռուսաստանցի պաշտոնյան չասաց, որ սպանվածներից մեկը ռուսական բանակի փոխգնդապետ էր, եւ նա սպանվել է զինյալների դեմ անցկացված գործողության հետեւանքով»:

Պնդելով, որ ռուսական բանակի փոխգնդապետը Վրաստանում ապստամբների խմբեր էր պատրաստում` բռնությունների ու հեղաշրջումների համար, Վրաստանի նախագահն ասել է. - «Ես ցանկանում եմ հարց ուղղել մեր ռուս ընկերներին. մի՞թե Ռուսաստանին իր տարածքները բավարար չեն: Արդյոք ռուսական անտառները բավարար չե՞ն ռուս սպաների համար, որ մեռնում են Վրաստանի տարածքում, Վրաստանի անտառներում»:

«Ինչ պարզաբանում էլ հնչի` մենք ցավում ենք կորցրած կյանքի համար», - իր խոսքն ամփոփել է Վրաստանի նախագահը:

Սեպտեմբերի 20-ին վրաց - աբխազական սահմանին տեղի ունեցած ընդհարման հետեւանքով սպանվել է երկու զինվորական:

Իսկ անցած գիշեր ուժեղ փոխhրաձգություն է տեղի ունեցել
վրաց - օսական սահմանին: Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարության պնդմամբ, Վրաստանի զինվորականներն են կրակ բացել Ցխինվալիի վրա. կա երկու վիրավոր, վնասվել են մի քանի տներ: Վրաստանի խաղաղապահ գումարտակի հրամանատարը, իր հերթին, հայտարարել է, թե վրացական գյուղերի վրա առաջինը կրակ են բացել օսերի զինված խմբավորումները:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG