Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման դեմ


Միացյալ Նահանգների ութ նախկին պետքարտուղարներ համատեղ նամակ են հղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որով կոչ են անում կանխել Պալատի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագծի քվեարկությունը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գրասենյակի հաղորդագրության համաձայն, նախկին պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքերը, Ուորեն Քրիսթոֆերը, Լորենս Իգլբերգերը, Ալեքսանդր Հեյգը, Հենրի Քիսինջերը, Քոլին Փաուելը եւ Ջորջ Շուլցը նամակում մտավախություն են հայտնում, թե բանաձեւի ընդունումը «կարող է վտանգել տարածաշրջանում մեր ազգային անվտանգության շահերը` ներառյալ մեր զորքերը Իրաքում եւ Աֆղանստանում, եւ վնաս հասցնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցմանը նպաստելու մեր ջանքերին»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նախկին պետքարտուղարների այս քայլը բացատրում է թուրքական կողմի լոբբիստական ջանքերով. - «Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը պահանջող կոնգրեսական երկկուսակցական մեծամասնությանը դեմ հանդիման` Թուրքիայի հուսահատ լոբբիստները, առաջնորդվելով Անկարայից ավելի շատ դոլարներ կորզելու անհագ ցանկությամբ, դարձել են Թուրքիային սիրաշահելու` մեր կառավարության ձախողված քաղաքականության իսկական ճարտարապետները»:

Հայ դատի գրասենյակը իր հաղորդագրությունում պնդում է, որ նախկին պետքարտուղարների նամակը միտված է կոնգրեսականներին Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ խղճի մտոք քվեարկելու հնարավորությունից զրկելուն, քանի որ կոչ է անում նախագիծն առհասարակ չներկայացնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին:

Ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատներում ներկայումս շրջանառվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծեր, ընդ որում, Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնությունը բանաձեւի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG