Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Արզաքանցյանը ներկայումս Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի շտապօգնության կենտրոնի վերակենդանացման բաժնում է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բուժհաստատության գլխավոր բժիշկ Վիկտոր Կազնաչեեւը:

ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Արզաքանցյանը «գիտակցության է եկել, անգամ կարողանում է բառեր արտասանել»:

Մոսկվայի դատախազության քննչական վարչության քննչական բաժնի պետ Միխայիլ Իոնկինը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ եւ քննություն է ընթանում:

Կասկածյալների կամ ձերբակալվածների վերաբերյալ մեկնաբանություններից Իոնկինը զերծ մնաց` ասելով ընդամենը, որ «անհայտ անձինք սպանության դիտավորությամբ կրակել են դեռեւս չճշտված զենքից»:

Հանրապետականները Արզաքանցյանի նկատմամբ կատարվածը միանշանակորեն մահափորձ են համարում:

«Որովհետեւ, երբ սկզբից դահակահարել են, վերջում ստուգողական կրակել են, այդ ստուգողական կրակելու ձեւը... նշանակում է պատվիրված գործողություն», - լրագորղների հետ հանդիպմանը այսօր փաստարկեց ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը:

Հայաստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, «սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացնող քննչական խումբը» տեղեկացրել է, որ «ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները սպանության փորձի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ»:

«Գրեյթ վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ մահափորձը կատարվել է չորեքշաբթի վաղ առավոտյան` Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի նախասրահի խաղատանը:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությանը Մոսկվայի իրավապահ մարմիններում անանուն աղբյուրը հայտնել է, թե «մշակվում է միջադեպի երկու վարկած. առաջինը, որ հանցագործությունը կապված է պատգամավորի մասնագիտական գործունեության հետ, եւ երկրորդը, որ հարձակումն իրականացրել են պատգամավորին ճանաչող մարդիկ»:

Նույն գործակալությունը պնդում է, որ հետաքննության տվյալներով, միայն այս տարվա ընթացքում Արզաքանցյանը 33 անգամ այցելել է «Մետրոպոլ» հյուրանոցի խաղատուն:

41-ամյա Տիգրան Արզաքանցյանը ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 մեծամասնական ընտրատարածքից: Անդամակցում է սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովին:

Արզաքանցյանի դեմ Մոսկվայի խաղատներից մեկում ավազակային հարձակում էր տեղի ունեցել նաեւ անցյալ տարվա մարտի 29-ին: Հայ պատգամավորը ծեծի էր ենթարկվել եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Հարձակվողները հափշտակել էին Արզաքանցյանի շուրջ 50 հազար դոլար արժողությամբ բջջային հեռախոսը եւ «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցը:


Հովհաննես Շողիկյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG