Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքին` «Հայկական ժամանակ»-ը իր խմբագրականում գրում է. - «1996 թվականին Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ոչ մի լուսավորված փողոց չի եղել: Այսպես ասած, հանրային լուսավորում եղել է միայն Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, բայց տվյալ պարագայում դե ֆակտո լուսավորվել է ոչ թե հրապարակը, այլ այն շենքի բակը, որտեղ գտնվում էր Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրը: Սա` լուսավորված փողոցներ հաշվող Ռոբերտ Քոչարյանի ասածի կապակցությամբ, չնայած պետք է խոստովանել, որ միայն Քոչարյանի մտքով կանցներ քաղաքում լուսավորված փողոցներ հաշվել»: «Սա, ի դեպ, Քոչարյանին ճանաչողների համար ամենեւին էլ նորություն չէ, որովհետեւ նա կառավարման, ղեկավարման ուրիշ մեթոդ չի ճանաչում», - գրում է թերթը` պարզաբանելով. - «Այս իշխանության հիմնական անելիքը եղել եւ մնում է հետեւյալը. գտնել մարդկանց լռեցնելու ձեւեր, որովհետեւ իրենք էլ հասկանում են, որ անկաշկանդ, ազատ բանավեճի մեջ իրենք զրո են»:

«Ժամանակ Երեւան»-ը, անդրադառնալով նույն թեմային, իր խմբագրականում գրում է. - «Երբ 1997-ին Ռոբերտ Քոչարյանը գալիս էր Հայաստան եւ ստանձնում էր վարչապետի պաշտոնը, հաստատ մեծ կարողության տեր անձ չէր: Բոլորս հիշում ենք եւ նրա ու իր ընտանիքի հագուկապը, եւ հայտնի է, որ Ղարաբաղում մեծ գումարներ աշխատելու հնարավորություններն էլ սուղ էին: Այժմ` միջազգային տարբեր գնահատականներով նրա ընտանիքի կարողությունը կազմում է 2-2,5 մլրդ դոլար: Եվ եթե անգամ մեծահոգաբար ընդունենք, որ 1997-ին նա մեկ միլիոն դոլարի կարողության տեր էր, ապա այժմ նրա կարողությունը աճել է ամենաքիչը 2 հազար անգամ»: «Այսինքն` եթե պետությանդ բյուջեն աճել է ընդամենը 8 անգամ, իսկ քո անձնական բյուջեն` մոտ 2 հազար անգամ, ապա հպարտանալու քիչ բան կա», - շեշտում է թերթը:

Հեռուստադիտողի աչքերով գնահատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթի եւ դրա առնչությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքին վերաբերող լուսաբանումները հայաստանան հեռուսատաընկերությունների կողմից, «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը գնահատել է. - «Իհարկե, հեռուստադիտողը գիտի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել, Քոչարյանի արձագանքից էլ գլխի կընկնի, որ նա իշխանության մասին վատ բաներ է ասել։ Բայց թե կոնկրետ ի՞նչ է ասել Հայաստանի հիմնադիր նախագահը, հեռուսատադիտողը չգիտի։ Հանրապետության հեռուստաընկերություններից ոչ մեկը այդպես էլ պատեհ չհամարեց հանրապետության հիմնադիր նախագահի՝ տասնամյա դադարին հաջորդած ելույթը ամբողջությամբ եթեր հեռարձակել, չնայած հաճույքով եթեր է հեռարձակում այդ ելույթին վերաբերող դատողությունները»։ «Եթե խնդրին նայենք միայն կոմերցիոն տեսակետից», շարունակել է խմբագրականը, - «հեռուստաընկերությունները, ընդհակառակը, շահագրգիռ կլինեին այդ ելույթը հեռարձակել, որովհետեւ այն, աներկբա, հսկայական լսարան կապահովեր»։ «Բայց փաստը մնում է փաստ, որ որ նման բան տեղի չունեցավ, որովհետեւ եթերը ամբողջությամբ գտնվում է հենց նույն Քոչարյանի վերահսկողության տակ», - եզրակացրել է խմբագրականը։

«Հայոց Աշխարհ» թերթի գլխավոր խմբագիրը, մեկնաբանելով նախկին ու ներկա նախագահների գնահատականները, շեշտադրել է. - «Ցանկացած օրինավոր քաղաքացու համար նախագահների ճառերը (թեկուզ նախկին, թեկուզ գործող) Սուրբ տեքստերի պես մի բան են, եւ դրանք մեկնաբանելիս անչափ ցանկալի է պահպանել առավելագույն ճշգրտություն, թույլ չտալով աններելի աղճատումներ»։ «Մասնավորապես», ըստ խմբագրականի, - «չի կարելի մեկնաբանել Տեր-Պետրոսյանի «կազմալուծել, կազմաքանդել համակարգը» կոչը որպես ժողովրդավարության գերագույն դրսեւորում, քանզի դա, բռնության բացահայտ կոչ է... Ճիշտ նույն կերպ էլ չի կարելի մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի խոսքերն այն մասին, որ եթե նախկին նախագահը «մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ` այդ ամենից բխող բոլոր հետեւանքներով», որպես սպառնալիք, քանզի դա ընդամենը փաստի արձանագրում է»:

«Հայք»-ի գլխավոր խմբագիրը, պատասխանելով հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը իր նախագահական հավակնությունների մասին հայտարարեց ոչ թե Երեւանում, այլ Մոսկվայում, փաստարկել է. - «Հաշվի առնելով Սարգսյանի մտքի թռիչքի հնարավորությունները, դժվար չէ կռահել ,որ նա հերթական անգամ փորձում է թյուրիմացության մեջ գցել ՀՀ քաղաքացիներին։ Նա ցանկանում է տպավորություն ստեղծել, թե իբր ստացել է Ռուսաստանի Դաշնության իշխանությունների դաբրոն»։ «Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում չեն առարկել նրա առաջադրմանը, եւ Ազատիչի սիրտը չի դիմացել ու հրճվանքով շտապել է ազդարարել իր առաջադրման մասին», - գրել է թերթն ու հավելել. - «Անչափ ցավալի է, որ նախագահի պաշտոնին հավակնող այս մարդը, որն, ի դեպ, ժամանակին մեդալ էր ստացել ՌԴ ՖՍԲ-ի կողմից, ցանկանում է երկրի բարձագույն պաշտոնը զբաղեցնել այս ճանապարհով»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG