Մատչելիության հղումներ

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կազմակերպության` այսօր հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթվի 2007 թվականի զեկույցի, Հայաստանը աշխարհի 180 երկրների մեջ 99-րդ տեղում է:

Համաթիվը վերաբերում է գործարարների եւ վերլուծաբանների կողմից կոռուպցիայի աստիճանի ընկալմանը. որքան բարձր է կոռուպցիայի աստիճանը` այնքան համաթիվը մոտենում է զրոյին, եւ որքան ցածր է` մոտենում է 10-ին:

Հայաստանի համաթիվը 3 է` անցյալ տարվա 2.9-ի փոխարեն: Նույն համաթիվն ունեն նաեւ Ալժիրը, Բելիզը, Դոմինիկյան Հանրապետությունը, Լիբանանը եւ Մոնղոլիան:

«Ընդհանրապես ուրախանալ, որ մենք Զիմբաբվեի, Չադի կամ այլ շատ հետամնաց երկրների շարքում ենք արդեն քանի տարի է, շատ ուրախության տեղիք չի տալիս», - ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ - Հայաստան»-ի նախագահ Ամալյա Կոստանյանը:

Ամալյա Կոստանյանի կարծիքով, Հայաստանը որեւէ առաջընթաց, ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»-ի, չի արձանագրում, քանի որ բարեփոխումներն իրականացվում են օրենսդրական դաշտում, իսկ գործնականում օրենքները չեն կիրառվում:

Բացի այդ, Կոստանյանի խոսքերով, չկան բացահայտման եւ պատժի դեպքեր:

«Հայաստանում միայն նախկիններին են [բարձրաստիճան] առայժմ դատապարտում», - հավելեց նա:

Վրաստանը 3.4 համաթվով 79-րդ տեղում է, Ադրբեջանը 150-րդն է` 2.1, Թուրքիան 4.1 համաթվով ով 67-րդն է:

Ռուսաստանը կոռուպցիայի ընկալման 2.3 համաթվով 143-րդ տեղում է:

Ամենաբարձր համաթիվն ունեն Դանիան, Ֆինլանդիան եւ Նոր Զելանդիան` 9.4, որոնց հաջորդում են Սինգապուրը եւ Շվեդիան` 9.3, Իսլանդիան` 9.2, Նիդերլանդները եւ Շվեյցարիան` 9, Կանադան եւ Նորվեգիան` 8.7: Բարձր համաթվեր ունեն նաեւ Ավստրալիան` 8.6, Լյուքսեմբուրգը` 8.4, Մեծ Բրիտանիան` 8.4, Ավստրիան` 8.1, երմանիան` 7.8, Իռլանդիան` 7.5, Ճապոնիան` 7.5, Ֆրանսիան` 7.3, ԱՄՆ-ը` 7.2, Բելգիան` 7.1, Չիլին` 7:

Ցուցակը եզրափակում են Իրաքը` 1.5, Մյանմարը` 1,4 եւ Սոմալին` 1.4:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG