Մատչելիության հղումներ

Վրաց նախկին նախարարը սկանդալային բացահայտումներ է անում


«Նախագահ Սահակաշվիլին մեկ անգամ չէ, որ ինձ հանձնարարել է վերացնել որոշ հեղինակավոր մարդկանց», - երեկ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին:

Օքրուաշվիլին ասել է, թե 2005 թվականի հուլիսին իր հետ առանձնազրույցում Սահակաշվիլին հանձնարարել է ֆիզիկապես վերացնել գործարար Պատարկացիշվիլիին: Նախկին նախարարի պատմելով, ինքը ցանկացել է, որ այդ տեղեկատվությունը հասնի ամերիկացիներին, եւ դրա համար դիմել է Զազա Գոգովային, ով հիմա Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է: Միացյալ Նահանգների կողմից արձագանքը ուշացել է, ու երեք շաբաթ անց Սահակաշվիլին կրկնել է իր պահանջը:

Օքրուաշվիլին նաեւ հայտարարել է, թե 2005 թվականի հուլիսին Սահակաշվիլին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին հանձնարարել է պատժել ընդդիմադիր պատգամավոր Վալերի Գելաշվիլիին. հանձնարարությունը կատարվել է` Թբիլիսիի կենտրոնում պատգամավորը դաժանորեն ծեծի է ենթարկվել:

Օքրուաշվիլին այլ մեղադրանքներ էլ է ուղղել երկրի նախագահին` պնդելով, թե նախագահն ու նրա ընտանիքը մի քանի միլիարդ դոլարի հարստություն են դիզել, նախագահի ընտանիքը վերահսկում է զենքի ներկրումը եւ մեծ բիզնեսով է զբաղվում:

«Ես ձերբակալել էի նախագահի ազգական Թեմուր Ալասանիային` կաշառակերության մեղադրանքով, բայց նախագահի անձնական խնդրանքով ազատ արձակեցի», - ասել է ներքին գործերի նախկին նախարարը:

Օքրուաշվիլին հայտարարել է, թե Սահակաշվիլին ներքին ատելություն ունի Վրաց եկեղեցու նկատմամբ, փորձում է վարկաբեկել ուղղափառ եկեղեցին ու մեկ անգամ չէ, որ այդ մասին խոսել է իր հետ:

Նրա պնդմամբ, նախագահի պատճառով իրենք չեն կարողացել վերադարձնել Վրաստանից անջատված տարածքներից մեկը. - «Մեզ ընդամենը մի քայլ էր մնում անջատված տարածքներից մեկը վերադարձնելու համար. դա կարվեր, եթե չլիներ նախագահի անընդունակությունը, վախկոտությունը, անօգնականությունը: Սահակաշվիլին տառապում է իշխանության կորստի հիվանդագին վախով»:

Օքրուաշվիլիի խոսքերով, Սահակաշվիլին, երկիրը կառավարելով «ֆաշիստական» մեթոդներով, անցել է բոլոր սահմանները. մարդիկ ենթարկվում են ամենօրյա ճնշումների, հետապնդումների, կողոպուտների, սպանությունների, վարկաբեկվում է եկեղեցին: Նախագահը, ըստ նրա, Վրաստանը տանում է դեպի անդունդ, եւ ինքը չի կարող այդ ամենին նայել դիտորդի հայացքով:

Իրակլի Օքրուաշվիլին այս հայտարարությունները հնչեցրել է երեկ երեկոյան կայացած մամուլի ասուլիսում եւ «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա ընդդիմադիր նոր կուսակցություն է հիմնում:

Միխեիլ Սահակաշվիլին այժմ Միացյալ Նահանգներում է, ուր մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանին:

Վրաստանի կառավարող «Ազգային շարժում» կուսակցությունից պատգամավոր Գիգա Բոկերիան ասուլիս է տվել եւ ասել, թե Օքրուաշվիլիի հայտարարությունները «նոնսենս են, հիստերիա եւ անհիմն խոսքեր»: Նա գտնում է, որ նախկին նախարարի ելույթը հրահրված է Ռուսաստանի քաղաքական որոշակի շրջանակների կողմից:

«Շատ ցավալի է, երբ քո թիմի նախկին անդամը դավաճանում է ամեն ինչի` ինքն իրեն, իր համոզմունքներին, իր երկրին», - ասել է Բոկերիան:

Քաղաքագետ Իյա Անթաձեն կարծիք է հայտնել, թե «Օքրուաշվիլին կյանքի ու մահվան պայքարի մեջ մտավ»:

Անթաձեի խոսքերով, Օքրուաշվիլին պետք է համոզիչ ապացույցներ բերի իր հայտարարությունները հիմնավորելու եւ աջակցություն ստանալու համար. - «Մենք նրանից դեռ միայն խոսքեր ենք լսում, որոնց կարելի է հավատալ, կարելի է եւ չհավատալ»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG