Մատչելիության հղումներ

Արարատ Զուրաբյան. «Տեր-Պետրոսյանի առաջադրումը անդառնալի է»


Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը այսօր հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու որոշում ընդունելու դեպքում նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի քաղաքացիական նախաձեռնությամբ` պնդելով, այդուհանդերձ, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը «անդառնալի է»:

«Անպայման կլինի [առաջադրումը]», - չորեքշաբթի օրը լրագրողներին ասաց Զուրաբյանը: - «Ինչպես ասաց ինքը` հիմնադիր նախագահը, որ ինքը դեռ վերջնական որոշում չի ընդունել, սակայն, ես կարծում եմ, ամեն ինչ գնում է դեպի այդ որոշումը»:

Զուրաբյանի համոզմամբ, թեեւ վերջնական որոշումն առայժմ ընդունված չէ, «իշխանություններն արդեն խուճապի մեջ են»:

Խոսելով առաջին նախագահի ելույթին նախագահ Քոչարյանի` երեկվա անդրադարձի մասին` Զուրաբյանը ասաց, թե իր համար ավելի ընդունելի կլիներ, եթե «հանրապետության թիվ մեկ պաշտոնյան ավելի զուսպ լիներ իր արտահայտություններում»:

Նախագահ Քոչարյանը, հիշեցնենք, երեկ ասել էր. - «Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա ինքը դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ` բոլոր այս ամենից բխող հետեւանքներով: Եվ ստիպված շատ եւ շատ բաներ հիշեցնելու ենք»:

«Ներկայացվող հարցերին կլինեն համապատասխան պատասխաններ», - ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանը նաեւ ասաց, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանը կուսակցությունների լայն բեւեռով է գնալու նախագահական ընտրապայքարի»: Նրա խոսքերով, Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբումը «շատ հնարավոր է, լինի` ոչ միայն կուսակցությունների գաղափարական նմանությունները հաշվի առնելով»:

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Տեր-Պետրոսյանին աջակցելու որոշում ՀԺԿ-ն դեռ չունի. - «Քանի դեռ առաջին նախագահը առաջադրվելու մասին չի հայտարարել, նրան աջակցելու մասին որոշում կուսակցությանը չի կարող ունենալ»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքերով, մինչդեռ, իրենք աջակցելու են Լեւոն Տեր-Պետրոսյանին. - «Մենք որպես քաղաքական միավոր աջակցելու ենք Տեր-Պետրոսյանին: Եվ որպես քաղաքական միավոր, նաեւ պահանջում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանից, որ ինքը վերադառնա»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG