Մատչելիության հղումներ

Նոր եվրոները` հակաթուրքակա՞ն


Եվրախորհրդարանի իտալացի պատգամավորներ Մարկո Կապատոն եւ Մարկո Պանելան Եվրամիության ղեկավարներին կոչ են անում շրջանառության մեջ չդնել եվրոյի նոր հատված մետաղադրամները, քանի որ դրանց վրա պատկերված Եվրոպայի քարտեզը չի ներառում Թուրքիան:

Պատգամավորները Եվրախորհրդարանում ներկայացնում են «Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք» կուսակցությունը: Նոր մետաղադրամները հիմա արտադրվում են տարեսկզբից Եվրոպական միությանն անդամակցած երկրի՝ Սլովենիայի դրամահատարանում: Դրանք շրջանառության մեջ կլինեն նաեւ Մալթայում եւ Կիպրոսում, որոնք 2008 թվականի հունվարի 1-ից ընդգրկվելու են եվրոյի գոտում:

DPA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նոր մետաղադրամների վրա պատկերված Եվրոպայի քարտեզը ներառում է Եվրամիության անդամ չհանդիսացող որոշ երկրներ, այդ թվում Բելառուսն ու Ռուսաստանը, սակայն Թուրքիան անտեսված է:

Եվրահանձնաժողովն առաջարկել է մետաղադրամների այլընտրանքային դիզայն, որի քարտեզին կլինի նաեւ Թուրքիան:

«Մի՞թե չեն ամաչում Եվրամիության երկրներն այն հանգամանքից, որ Եվրոպայի քարտեզին կան Ուկրաինան, Մոլդովան, բռնատիրական Բելառուսն ու ավտորիտար Ռուսաստանը եւ բացակայում է Թուրքիայի նման ժողովրդավարական երկիրը, որի հետ անդամակցության բանակցություններ են ընթանում», - հայտարարել են իտալացի պատգամավորները:

Ներկայումս արտադրվող մետաղադրամների քարտեզին պատկերված չէ նաեւ Եվրամիությանը չանդամակցած Իսլանդիան, մինչդեռ, ըստ DPA-ի, Եվրահանձնաժողովը ժամանակին հորդորել է դիզայներներին քարտեզի վրա անպայման ներառել այդ երկիրը:

DPA-ի փոխանցմամբ, Եվրոպական միության խոսնակը Բրյուսելում հավաստիացրել է, թե մետաղադրամի դիզայնը կապ չունի քաղաքական հիմնախնդիրների հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG