Մատչելիության հղումներ

Ստվերային տնտեսության ծավալները դեռեւս մեծ են, իսկ հարկային պարտավորություններից հիմնականում խուսափում են հարկային ծառայության աշխատակիցների կամ մասնակցությամբ, կամ իմացությամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հարկային պետական ծառայության ղեկավարության հետ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Նշելով, որ հարկային ծառայության աշխատանքի վերաբերյալ քննարկումները վերջերս հաճախակի են դարձել, նախագահն ասել է, որ այսօրվա հանդիպմամբ նպատակ ունի պարզել` արդյոք հարկային ծառայության ղեկավարներն ի վիճակի՞ են կատարել կառույցի առջեւ դրված խնդիրները:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը հարկային ծառայությանն առաջադրվող գերխնդիրը համարել է հարկային վարչարարության էապես բարելավումը. - «Լուրջ ռեզերվներ կան, ծառայությունն ուղղակի պետք է ցուցաբերի վճռականություն եւ աշխատի ազնիվ»:

«Հարկային ցուցանիշները պետք է կապված լինեն տնտեսական աճի հետ եւ համախառն ներքին արդյունքի մեջ ապահովեն նորմալ տոկոս»,- ընդգծել է նա` հավելելով, որ ստվերային տնտեսության կրճատման շնորհիվ միանգամայն հնարավոր է պատշաճ արդյունքներ ունենալ:

Նախագահը հարկային մարմիններից պահանջել է աշխատանքի որակական փոփոխություն եւ նշել, որ նրանց գործունեությունն ու առաջադրված խնդիրների լուծումը շարունակելու է մնալ իր ուշադրության կենտրոնում:

Ռոբերտ Քոչարյանը վերահսկողական ծառայությանը հանձնարարել է շարունակել վերահսկողությունը եւ տասն օրը մեկ զեկուցել իրավիճակի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG