Մատչելիության հղումներ

logo-print
Մոսկվայում մահափորձ է կատարվել Հայաստանի Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, «Գրեյթ վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, դեպքը տեղի է ունեցել «գիշերը կամ երեկ երեկոյան` «Մետրոպոլ» հյուրանոցի նախասրահում. մեր տվյալներով, երեք անգամ դանակով են հարվածել, որոնցից մեկն է դիպել, եւ մեկ անգամ կրակել են»:

Ըստ Շարմազանովի, կասկածյալներ առայժմ չկան. - «Երկու հոգի են եղել, ըստ մեր ունեցած տվյալների` կովկասյան արտաքինով, ու փախել են: Հստակ տեղեկատվությունը սա է, ես զանգել-ճշտել եմ»:

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության ինստիտուտից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ժամը 4:50 Արզաքանցյանը տեղափոխվել է իրենց մոտ եւ այդ պահից սկսած վիրահատարանում է:

Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի պետ Վարդան Եղիազարյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի պատգամավոր Արզաքանցյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն կամ հարցում իրենք չեն ստացել:

«Եթե նման հարցում կլինի, իհարկե, անպայման կաջակցենք, կօգնենք բոլոր խնդիրներով», - լրագրողներին ասաց Եղիազարյանը: - «Ինտերպոլի խողովակները օգտագործվում են այն դեպքում, երբ այդպիսի անհրաժեշտություն կա: Եթե մեր ռուս գործընկերները կգտնեն անհրաժեշտ, կդիմեն մեզ, իհարկե, մենք կաջակցենք, կաշխատենք»:

Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վիկտոր Կազնաչեեւը խուսափեց «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով տեղեկություն հաղորդել Տիգրան Արզաքանցյանի առողջական վիճակի վերաբերյալ:

41-ամյա Տիգրան Արզաքանցյանը ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 մեծամասնական ընտրատարածքից: Անդամակցում է սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովին:

Արզաքանցյանի դեմ Մոսկվայի խաղատներից մեկում ավազակային հարձակում էր տեղի ունեցել նաեւ անցյալ տարվա մարտի 29-ին: Հայ պատգամավորը ծեծի էր ենթարկվել եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Հարձակվողները հափշտակել էին Արզաքանցյանի շուրջ 50 հազար դոլար արժողությամբ բջջային հեռախոսը եւ «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցը:


Աստղիկ Բեդեւյան եւ Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG