Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում Սեֆիլյանի եւ Մալխասյանի դատավճիռը


Վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը, դատավոր Մհեր Արղամանյանի գլխավորությամբ, վճռեց անփոփոխ թողնել Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի մասով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Իսկ Վահան Արոյանի նկատմամբ դատարանը խստացրեց պատիժը:

Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր էր ճանաչվել ապօրինի զենք կրելու եւ պահելու համար` դատապարտելով 1 տարի 6 ամիս ազատազրկման: Վարդան Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել 301 հոդվածով` իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար, եւ ազատազրկվել 2 տարով:

Վերաքննիչ դատարանի վճիռը հրապարակեց դատավոր Մհեր Արղամանյանը: Ըստ այդմ` Վարդան Մալխասյանի ելույթում իսկապես եղել են պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր, իսկ Ժիրայր Սեֆիլյանը «ապօրինի ձեւերով է ատրճանակը ձեռք բերել, պահել եւ կրել», քանի որ նրան այդ զենքով պարգեւատրելը «կատարվել է սահմանված կարգի խախտմամբ»:

Վահան Արոյանի գործի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը որոշեց խստացնել նրա պատիժը` Արոյանին դատապարտելով 2 տարվա ազատազրկման (առաջին ատյանի դատարանը Արոյանին դատապարտել էր 1,5 տարվա ազատազրկման): Պատժի խստացումը դատավոր Արղամանյանը հիմնավորեց ամբաստանյալի կողմից ապօրինի կերպով պահվող զենքի քանակով. ըստ դատարանի` հայտնաբերվել է 8 հազարից ավելի միավոր զենք եւ զինամթերք:

Ամբաստանյալներ Սեֆիլյանը, Մալխասյանը եւ Արոյանը օգտվեցին վերջին խոսքի իրավունքից: Նվեր ստացած ատրճանակի համար 1 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանը շատ կարճ ելույթ ունեցավ` ասելով որ «պատվեր կատարող դատարանին շատ ասելիք չունի». - «Համոզված եմ, որ վերջը լավ է լինելու... Այս դատարանին ասելիք չունեմ, որովհետեւ սա դատարան չէ, սա ընդամենը կամակատարն է գործող իշխանությունների, ռեժիմի: Վճիռները դուք չէ, որ վճռելու եք. ձեզ ինչ ասեն, դա էլ հրապարակելու եք»:

Վարդան Մալխասյանը իր վերջին խոսքում ասաց, որ բանտը իրենց չի ընկճելու. - «Ընդհակառակը` բանտը մեզ կկոփի, կթրծի, կդարձնի պողպատե մարդ: Ես համոզված եմ, որ այս ոտնաշղթաներից, այս բանտերից, այս բռնություններից, մեր համատեղ պայքարից մենք պիտի կռենք իսկական Հայաստանը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG