Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ըստ ամենայնի, կառաջադրեմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում»


Այսօր ռուսաստանցի իր պաշտոնակից Վիկտոր Զուբկովի հետ հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, ով երեկվանից պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում, հայտարարել է. - «Ըստ ամենայնի, ես կառաջադրեմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում»:

Պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցին, Սերժ Սարգսյանը նշել է, որ առաջադրվել-չառաջադրվելու հարցով վերջնական որոշում ինքը կկայացնի հոկտեմբերին` Հանրապետական կուսակցության համագումարից հետո:

«Հայաստանում բազմաթիվ արժանավոր մարդիկ կան, եւ մեզ սպասում է քաղաքակիրթ պայքար առաջիկա նախագահական ընտրություններում», - ասել է Սարգսյանը:

Վիկտոր Զուբկովն ու Սերժ Սարգսյանը այսօր են ծանոթացել` նախկինում նրանց միջեւ որեւէ անձնական կամ գործարար շփում չի եղել:

«Ինձ Սերժ Ազատիչը շատ դուր եկավ», - ասել է Զուբկովը լրագրողներին` իր հայաստանցի պաշտոնակցին բնութագրելով որպես «գործնական խառնվածքի տեր» մարդու. - «Ուրախ եմ, որ այսօր առաջին մարդը, որ պաշտոնական այցով ժամանեց Սպիտակ տուն, հենց Հայաստանի վարչապետն է»:

Խոսելով հայ-ռուսական համագործակցության հեռանկարների մասին` երկու վարչապետերը անդրադարձել են ռուսաստանյան ներդրումների ծավալին:

«Այսօր Հայաստանում իրականացված ռուսաստանյան ներդրումների ընդհանուր ծավալն այնքան էլ մեծ չէ` մոտ 800 միլիոն դոլար: Սակայն համոզված ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք կրկնապատկել այդ ներդրումները», - հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը:

Վիկտոր Զուբկովի խոսքով, արդեն այսօր Հայաստանում աշխատում են եւ շարունակելու են աշխատել ռուսաստանյան բիզնեսի այնպիսի առաջատարներ ինչպիսիք են «Գազմպրոմ»-ը,«Վիմպելկոմ»-ը, «Ռուսսկի Ալյումինիյ»-ը եւ «ՌԱՈ ԵԷՍ»-ը:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը լավ հեռանկարներ է տեսնում հայաստանյան էլեկտրաէներգիայի արտահանման առումով. - «Հայաստանում այսօր արտադրվող էներգիայի ավելցուկ կա, ուստի ձեր երկիրը կարող է լավ գումարներ վաստակել այդ էլեկտրաէներգիան վաճառելով»:

Սերժ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հայկական կողմն առաջարկել է պաշտոնական Մոսկվային մասնակցել Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությանն ու Հայաստանի տարածքում գտնվող ուրանի հանքերի շահագործմանը: Այս առթիվ գրավոր առաջարկը, ըստ Սերժ Սարգսյանի, այսօր է փոխանցվել ռուսական կողմին:

Կողմերն անդրադարձել են նաեւ «Գույք պարտքի դիմաց» ծրագրում ընդգրկված եւ Ռուսաստանի սեփականությունը հանդիսացող ձեռնարկությունների ճակատագրին:

«Հաճելի է, որ այս հարցով Վիկտոր Զուբկովն արդեն խորհրդակցություն է անցկացրել», - նշել է Սերժ Սարգսյանը` ընգծելով, որ այս ձեռնարկությունների գործարկումը խոչընդոտող գլխավոր հանգամանքը ցամաքային տրանսպորտային ուղիների բացակայությունն է:

Կողմերն այսօր քննարկել են նաեւ Հայաստանում նավթի վերամշակման գործարանի կառուցման հեռանկարները: Մի քանի ամիս առաջ տեղեկություններ հայտնվեցին, որ նման ձեռնարկություն կարող է կառուցվել Մեղրիում` Իրանի սահմանագծին:

Բացի այդ, Սերժ Սարգսյանը առաջարկել է Ռուսաստան արտահանել հայկական շինանյութ, նախեւառաջ` քար եւ ցեմենտ: Այս նախաձեռնության գլխավոր նպատակը լինելու է հայկական կողմի մասնակցությունը Սոչիում ծրագրվող լայնածավալ շինարարությանը:

«Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել իր շինանյութով եւ մարդկանցով, որոնք կարողանում են այդ շինանյութից լավ տներ կառուցել: Չի բացառվում, որ 2014 թվականի Սոչիի օլիմպիադան լավ խթան հանդիսանա հայկական շինանյութի ներկրման համար: Այդ դեպքում, բնականաբար, ապրանքաշրջանառությունը կարող է կտրուկ կերպով աճել», - ասել է Ռուսաստանի վարչապետը:

Սերժ Սարգսյանը իր ռուսաստանցի պաշտոնակցին հրավիրել է Հայաստան:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG