Մատչելիության հղումներ

Ձեւավորվեց Լեռնային Ղարաբաղի նոր կառավարությունը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր նշանակել է կառավարության անդամներին:

Արմո Ծատուրյանը նշանակվել է փոխվարչապետ եւ գյուղատնտեսության նախարար, Մովսես Հակոբյանը` պաշտպանության նախարար, Գեորգի Պետրոսյանը` արտգործնախարար, Արմեն Խաչատրյանը` առողջապահության նախարար, Արթուր Մոսիյանը` արդարադատության նախարար, Սուրեն Գրիգորյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Վլադիկ Խաչատրյանը` կրթության եւ գիտության նախարար, Նորեկ Գասպարյանը` մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար, Նարինե Ազատյանը` սոցիալական ապահովության նախարար, Բենիկ Բաբայանը` տնտեսական զարգացման նախարար, Ալեքսանդր Մամունցը` քաղաքաշինության նախարար, Սպարտակ Թեւոսյանը` ֆինանսների նախարար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով կառուցվածքային փոփոխություններ են կատարվել կառավարությունում: Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարը համատեղում է փոխվարչապետի պաշտոնը, տարածքային կառավարման եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը վերակազմավորվել է տնտեսական զարգացման նախարարության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը` ֆինանսների նախարարության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը` կրթության եւ գիտության նախարարության, մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարության եւ սպորտի պետական կոմիտեի:

Իրենց պաշտոնները պահպանել են Գեորգի Պետրոսյանը, Մովսես Հակոբյանը, Սպարտակ Թեւոսյանը եւ Սուրեն Գրիգորյանը, իսկ Արմո Ծատուրյանը նախորդ կառավարությունում զբաղեցնում էր տարածքային կառավարման եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացման նախարարի պաշտոնը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, բոլոր նախարարները սառեցրել են իրենց անդամությունը այս կամ այն կուսակցությանը:

Սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի վարչապետ է նշանակվել Արա Հարությունյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG