Մատչելիության հղումներ

Նշանակվել է Ռուսաստանի կառավարության նոր կազմը


Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշանակել է երկրի նոր կառավարության կազմը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, փոխվել են երեք նախարարներ, ձեւավորվել է երկու նոր պետական կոմիտե եւ նշանակվել է երրորդ փոխվարչապետը:

Փոխվարչապետներ Սերգեյ Նարիշկինին եւ Ալեքսանդր Ժուկովին կմիանա Ալեքսեյ Կուդրինը` միաժամանակ պահպանելով ֆինանսների նախարարի պաշտոնը:

Տնտեսական զարգացման նախարարի պաշտոնին հրաժեշտ կտա Գերման Գրեֆը, առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարի պաշտոնին` Միխայիլ Զուրաբովը, տարածքային զարգացման նախարարի պաշտոնին` Վլադիմիր Յակովլեւը, որոնց կփոխարինեն, համապատասխանաբար, Էլվիրա Նաբիուլինան, Տատյանա Գոլիկովան եւ Դմիտրի Կոզակը:

Կառավարության բոլոր մյուս անդամները պահպանել են իրենց պաշտոնները:

Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի վարչապետ է նշանակվել Վիկտոր Զուբկովը` այդ պաշտոնում փոխարինելով հրաժարական ներկայացրած Միխայիլ Ֆրադկովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG