Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Վիկտոր Զուբկովի հետ


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր Մոսկվայում հանդիպել է իր ռուսաստանցի նորանշանակ պաշտոնակից Վիկտոր Զուբկովի հետ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը Ռուսաստանի վարչապետին տեղեկացրել է, որ Մոսկվա է ժամանել մի շարք «կոնկրետ առաջարկներով» եւ նախագծերով, որոնք կարող են նպաստել համագործակցության հետագա զարգացմանը:

Հայաստանի վարչապետի խոսքերով, տնտեսական գործընկերության զարգացման հարցում սկսել է ակտիվ մասնակցություն ունենալ նաեւ բիզնեսը, այդ թվում` խոշոր:

«Մեր տնտեսական հարաբերությունները ընդլայնվում են` հասնելով քաղաքական հարաբերությունների մակարդակին», - ասել է Սերժ Սարգսյանը:

Վիկտոր Զուբկովը, իր հերթին, վստահեցրել է, որ ռուս - հայկական հարաբերություններում ժառանգորդությունը կպահպանվի նաեւ 2008 թվականին երկու երկրներում նախատեսված նախագահական ընտրություններից հետո:

«Մեր ընդհանուր խնդիրը ես տեսնում եմ միութենական կապերի զարգացման մեջ, առաջին հերթին` տնտեսությունում եւ հումանիտար ոլորտում, ռուս - հայկական հարաբերությունների պայմանագրային բազայի ամրապնդման մեջ», - ասել է Ռուսաստանի վարչապետը:

Հանդիպման մասնակիցները նշել են նաեւ, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ ապագայում կհասնի մեկ միլիարդ դոլարի:

Հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Զուբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է կրկնակի ավելացնել ներդրումները Հայաստանում` դրանք ներկայիս 800 միլիոնից հասցնելով ավելի քան 1,5 միլիարդի: «Խոսքը Հայաստանում կոնկրետ ձեռնարկությունների աշխատանքի, նավթավերամշակման գործարանի շինարարության մասին է», - ասել է նա:

Ռուսաստանի վարչապետը հայտնել է, որ երկու երկրները «էներգետիկայի բնագավառում հստակ ծրագիր ունեն, եւ այդ ոլորտում ձեւավորվել են բավական հասկանալի եւ հուսալի հարաբերություններ»:

«Հայաստանը արդեն էներգետիկայի ավելցուկային արտադրություն ունի, որը կարող է վաճառել», - ընդգծել է Զուբկովը:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը նաեւ կարծիք է հայտնել, որ 2014 թվականին Սոչիում անցկացվելիք Օլիմպիական խաղերը «լավ խթան կհանդիսանան Հայաստանից շինանյութի ներգրավման համար», ինչը կնպաստի ապրանքաշրջանառության կտրուկ աճին:

Հայաստանի վարչապետը, իր հերթին, նշել է, որ ներկայումս «համագործակցության ամենագլխավոր եւ մեծ խոչընդոտը հարմար տրանսպորտային հաղորդակցության բացակայությունն է»:

Այսօրվա բանակցությունների արդյունքում Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ ստորագրվել է փոխադարձ առեւտրի ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի մասին համաձայնագիր, այլ փաստաթղթեր:

Ռուսաստանի կառավարությունում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի աղբյուրը հատուկ ընդգծել է այն փաստը, որ վարչապետի պաշտոնում Զուբկովի առաջին միջազգային հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ բանակցություններն են. - «Դա վկայում է այն կարեւոր դերի մասին, որը Ռուսաստանի միջազգային քաղաքականության մեջ հատկացվում է այդ երկրի հետ համագործակցությանը, եւ այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական եւ երկարաժամկետ գործընկերն է Կովկասում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG