Մատչելիության հղումներ

logo-print
Ռումինիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին երեկ Բուխարեստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն` հավելելով, թե Ադրբեջանն ու Ռումինիան մեծ հարգանքով են վերաբերվում միջազգային իրավունքի նորմերին:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, երկու երկրների նախագահները երեկ երեկոյան առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

«Ադրբեջանը Ռումինիայի մեծ բարեկամներից մեկն է», - հանդիպումից հետո հայտարարել է Բասեսկուն եւ ընդգծել. - «Մեր երկրների հարաբերությունները տարեցտարի ավելի են ընդլայնվում»:

Երկկողմ հարաբերությունները դրական է գնահատել նաեւ Ադրբեջանի նախագահը:

«Պաշտոնական Բուխարեստը մեկն էր Ադրբեջանի անկախությունը առաջինը ճանաչած պետություններից», - հայտարարել է Իլհամ Ալիեւը եւ հավելել. - «Այդ աջակցությունը մենք զգում ենք մինչ օրս` թե’ եվրատլանտյան կառույցներին անդամագրվելու գործընթացում, թե’ ղարաբաղյան խնդրի շուրջ պաշտոնական Բուխարեստի բաց հայտարարություններում»:

«Ռումինիային եւ Ադրբեջանին կապում է մեր տարածաշրջաններում անվտանգության գոտիներ ստեղծելու եւ խաղաղություն հաստատելու ցանկությունը», - հայտարարել է Տրայան Բասեսկուն երեկ Բուխարեստի կենտրոնում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի անունը կրող այգու բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Դիվանագիտական հարաբերություններից բացի` երկու երկրներին կապում է նաեւ Nabucco գազատարի նախագիծը, որով ծրագրվում է Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի կապույտ վառելիքը տեղափոխել Եվրոպա: Ռուսաստանը շրջանցող այդ գազատարի շինարարությանը մասնակցում են հինգ երկրներ, որոնցից մեկն էլ Ռումինիան է:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG