Մատչելիության հղումներ

«Երազանք հանուն Դարֆուրի» խորհրդանշական օլիմպիական ջահը` Երեւանում


«Երազանք հանուն Դարֆուրի» գլոբալ քարոզչական արշավը հասնում է Հայաստան, որը խորհրդանշական օլիմպիական ջահի երրորդ կանգառն է: Արշավի շրջանակներում այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի կունենա հիշատակի հատուկ արարողություն:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, երեւանյան միջոցառմանը մասնակցելու են Հայոց ցեղասպանության, Ռուանդայի եւ Դարֆուրի ցեղասպանությունները վերապրածներ եւ նրանց ժառանգներ, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Անգլիկան եկեղեցու պետ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Ուիլյամսը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Սեմյուել Կոբիան, Վաշինգտոնում Էջմիածնի էկումենիկ պատվիրակ եւ ԱՄՆ-ում Ազգային եկեղեցական խորհրդի նորընտիր նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, այլոք:

«Օլիմպիական երազանք հանուն Դարֆուրի» արշավը, որի մեկնարկը տրվել է օգոստոսի սկզբին` Չադում, նպատակ ունի ուշադրություն սեւեռել ցեղասպանությունների խնդրին, հատկապես Դարֆուրում ստեղծված կացությանը: Սուդանի արեւելքում գտնվող այս երկրամասում վերջին չորս տարում ռազմական գործողությունների եւ պարբերական ջարդերի արդյունքում զոհվել է առնվազն 400 հազար մարդ, եւս 2 միլիոնը տեղահանվել է:

Աշխարհահռչակ դերասանուհի, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Միա Ֆարոուի նախաձեռնած քայլարշավն անցնելու է բոլոր այն երկրներով, որոնք երբեւիցե տուժել են ցեղասպանություններից:

2008 թվականի օգոստոսի 8-ին Պեկինում բացվելու են ամառային Օլիմպիական խաղերը, իսկ Սուդանի գլխավոր տնտեսական գործընկեր Չինաստանը, ինչպես ընդգծում են «Երազանք հանուն Դարֆուրի» արշավի նախաձեռնողները, ձեռնարկի հիմնական թիրախներից մեկն է: Նրանք Չինաստանի կառավարությունից պահանջում են օգտագործել իր առանձնահատուկ դերը` մեղմացնելու Դարֆուրի ժողովրդի տառապանքները:

«Հաշվի առնելով Սուդանի հետ իր ազդեցիկ հարաբերություններ, Չինաստանը, նաեւ որպես 2008 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր, առանձնահատուկ դիրք ունի` աջակցելու Դարֆուրում ճգնաժամի կարգավորմանը», - ընդգծում է Ամերիկայի հայկական համագումարն իր հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG