Մատչելիության հղումներ

Հայաստանի արդարադատության նախարարը երկուշաբթի օրը ասաց, թե «Ռոյալ Արմենիա» ընկերության գործով անցած հուլիսին արդարացման վճիռ կայացրած Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանի նկատմամբ «ճնշում չի գործադրվում»:

«Բացարձակապես որեւէ ճնշում նրա նկատմամբ չի գործադրվում», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեւորգ Դանիելյանը: - «Ուղղակի սա պարզ զուգադիպություն է: Վերջին հաշվով, եթե դատավճիռը, ընդունենք, անհիմն է (դա արդեն հետագա դատաքննությունը ցույց կտա), կարելի է վերացնել այդ դատավճիռը: Դրա համար պետք չէ ճնշում գործադրել»:

«Իսկ եթե նա [Պարգեւ Օհանյանը] թույլ է տվել խախտումներ, որոնք հիմք են հանդիսացել այսօրվա դրությամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, դա իրավաչափ երեւույթ է», - շարունակեց նախարարը` նաեւ հերքելով, թե «տարօրինակ» է, որ կարգապահական վարույթը հարուցվել է «Ռոյալ Արմենիա»-ի գործով վճռից հետո. - «Ամբողջ այդ ուսումնասիրությունները [որոնց հիման վրա հարուցվել է կարգապահական վարույթը] իրականացվել էին մինչեւ դատավճիռը... Բացարձակապես այստեղ միտում նկատել չի կարելի»:

Նշված կարգապահական վարույթի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Արդարադատության խորհուրդը քննարկելու է Պարգեւ Օհանյանի հարցը:

Պատասխանելով իր նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու պատճառների մասին հարցին` Պարգեւ Օհանյանը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «Ցավոք, չեմ կարող բացառել, որ հենց այդ [«Ռոյալ Արմենիա»-ի գործով] դատավճռի կայացման արդյունքում է այս գործընթացը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG