Մատչելիության հղումներ

logo-print

Ռաֆայել Ղազարյանը Բակո Սահակյանին կոչ է անում միջնորդել` դադարեցնելու հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Ռաֆայել Ղազարյանը բաց նամակ է հղել Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Բակո Սահակյանին` կոչ անելով «ուղղել ամիսներ առաջ թույլ տրված սխալը» եւ միջնորդել` դադարեցնելու «անհիմն» հետապնդումը Արցախյան պատերազմի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ:

«Վերջերս մամուլում շատ հանգամանորեն ներկայացվեց Ժիրայր Սե?ֆիլյանի դեմ հարուցված քրեական գործի այն դրվագը, որ կապված է նրա ատրճանակի հետ: Մասնավորապես, հանրությանը պարզ դարձավ, որ 235 հոդվածի առաջին մասով Ժիրայրին մեղադրանք ներկայացնելու համար հիմք են հանդիսացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ղեկավարության տրամադրած կեղծ տեղեկանքները, թե իբր իրենք տեղեկություն չունեն այն մասին, որ Ժիրայր Սե?ֆիլյանը այդ զենքը ստացել է որպես պարգեւ, եւ որ այդ զենքի վերաբերյալ առհասարակ որեւէ գրառում իրենց մոտ չկա», - գրում է Ռաֆայել Ղազարյանը` պնդելով. - «Նման վերաբերմունքը Արցախի պաշտպանությանը ակտիվ մասնակցած սփյուռքահայ հրամանատարի նկատմամբ, մեղմ ասած, պատիվ չի բերում ոչ Լեռնային Ղարաբաղին եւ ոչ էլ Պաշտպանության բանակին»:

«Այժմ, երբ ակնհայտ է, որ այդ զենքը օրինական է եւ ժամանակին պատշաճ կարգով հաշվառված է եղել, ես հույս ունեմ, որ Դուք Արցախի ժողովրդի եւ բանակի անունից հանդես կգաք համապատասխան հայտարարությամբ: Ուղղելով ամիսներ առաջ թույլ տրված սխալը եւ շահագրգիռ կերպով միջնորդելով դադարեցնել անհիմն հետապնդումը Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարներից մեկի նկատմամբ, Դուք կվերականգնեք Լեռնային Ղարաբաղի եւ Պաշտպանության բանակի պատիվը, որը որոշ չափով խաթարվել է այս անհեթեթ մեղադրանքների պատճառով», - շեշտում է ակադեմիկոսը:

«Չպետք է թույլ տանք, որ ստվեր նետվի այն նվիրական գործի վրա, որի կարեւոր մասնակիցներից եւ խորհրդանիշներից մեկը Ժիրայր Սե?ֆիլյանն է», - գրել է Ռաֆայել Ղազարյանը:

Օգոստոսի 6-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանը «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է մեկեւկես տարվա ազատազրկման` նրան մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Միաժամանակ, դատարանը Սեֆիլյանին արդարացրել է 301 հոդվածի հատկանիշներով` «երկրի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելը»:

Ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրող կողմերը բողոքարկել են վճիռը Վերաքննիչ դատարանում, որտեղ դատավարությունը մոտենում է ավարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG