Մատչելիության հղումներ

Հայաստանում է Անգլիկան եկեղեցու առաջնորդը


Շաբաթ օրը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով Մայր աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Անգլիկան եկեղեցու պետ, Քենթրբերիի արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Ուիլյամսը:

Ուշ երեկոյան Մայր Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսը դիմավորել է Քենթրբերիի արքեպիսկոպոսին, ապա Մայր Տաճարում նրանք կատարել են աղոթքի արարողություն:

Վեհարանի գահասրահում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ երկու հովվապետեր խոսքեր են փոխանակել:

«Մենք մեծ ուրախությամբ ենք ժամանել այս սրբավայր, որը շատ երկար էինք փափագում այցելել: Մենք գիտենք, որ սա Հայոց եկեղեցու սիրտն ու ծննդավայրն է, աղբյուրն է այս ժողովրդի քրիստոնեական կյանքի», - մասնավորապես, ասել է Քենթրբերիի արքեպիսկոպոսը: - «Սա այն ժողովուրդն է, որ կրկին ու կրկին կոչված էր կրելու Քրիստոսի խաչը: Եվ մենք, հավաքվելով այստեղ, պատվում ենք այդ վկայությունը եւ գոհություն ենք հայտնում Հայր Աստծուն Քրիստոսի շնորհների համար, որ հայտնվեցին այս Եկեղեցու եւ ազգի կյանքում»:

Անգլիկան եկեղեցու առաջնորդն անդրադարձել է նաեւ երկու եկեղեցիների միջեւ առկա երկար տարիների բարեկամությանը, վերհիշել է նաեւ շուրջ մեկ դար առաջ` Հայոց ցեղասպանության եւ հալածանքների տարիներին Ռենդել Դեյվիդսոն արքեպիսկոպոսի կողմից գործադրված ջանքերը:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, կիրակի օրը Քենթրբերիի արքեպիսկոպոսը եւ նրան ուղեկցող անգլիկան հոգեւորականները, ինչպես նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր կոմիտեի անդամները` ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Սեմյուել Կոբիայի եւ ատենապետ, դոկտոր Ուլտեր Ալթմանի գլխավորությամբ, Մայր աթոռում մասնակցել են Սուրբ պատարագի:

Այսօր Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Քենթրբերիի արքեպիսկոպոսը այցելում են Աբովյանի քրեակատարողական հիմնարկ` հանդիպելու բանտերում ծառայություն իրականացնող հոգեւորականների, ինչպես նաեւ ազատազրկվածների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG