Մատչելիության հղումներ

logo-print

Վարշավայում կքննարկվի ԵԱՀԿ-ի առջեւ ԱՊՀ-ի երկրների պարտավորությունների կատարման ընթացքը


Վարշավայում այսօր մեկնարկում է ԱՊՀ-ի երկրների ոչ կառավարական պատվիրակությունների եւ ԵԱՀԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդաժողովը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են` որքանո՞վ եւ ինչպե՞ս են նախկին Խորհրդային Միության տարածքում գտնվող պետությունները իրականացնում ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները:

«Որեւէ երկիր չպետք է սահմանափակի ԵԱՀԿ-ի կողմից կատարվող աշխատանքները, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու տարածաշրջանում անվտանգության ապահովմանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ամերիկյան պատվիրակության ղեկավար, դեսպան Ռիչարդ Ուիլյամսոնը:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքներին, մասնավորապես, մի շարք փորձագետների կողմից հնչող մտահոգություններին, թե ղարաբաղյան խնդրի շուրջ ավելի քան 10 տարի շարունակվող բանակցությունները դեռեւս որեւէ արդյունք չեն տվել, ամերիկացի դեսպանն ասել է. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միակը չէ, որի շուրջ մենք միջնորդական առաքելություն ենք իրականացնում: Կան մի շարք հակամարտություններ, որոնց կարգավորման ուղղությամբ մենք փորձում ենք կողմերի միջեւ երկխոսություն հաստատել: Առայժմ լուրջ առաջընթաց չենք արձանագրել, սակայն այն երկրները, որոնք արդեն կանգնած են զարգացման ճանապարհին, պետք է ճնշում գործադրեն: Պետք չէ թույլ տալ, որ այսօրինակ հակամարտությունները սառեցված մնան անորոշ ժամանակով, եւ դրանով իսկ անկայունություն եւ անվստահություն սերմանեն»:

«ԵԱՀԿ-ը կարող է եւ պետք է շարունակի իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ մյուս սառեցված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ», - ընդգծել է դեսպան Ռիչարդ Ուիլյամսոնը եւ հավելել. - «Բայց, ի վերջո, որոշումը պետք է կայացնեն հակամարտող կողմերը, որոնք կարծես թե առավելությունը տալիս են հակամարտությունների սառեցմանը` կոնկրետ լուծումներ փնտրելու փոխարեն»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG