Մատչելիության հղումներ

Այսօր երկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Երկրի ղեկավարության հետ Ռոբերտ Սիմոնսի հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստան - ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման, Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցության հարցերը, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ եւ այլ ծրագրերին:

Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Արա Թադեւոսյանը, այցի առաջին նպատակը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի նոր սպային ներկայացնելն է: Վերջին մի քանի տարիներին այդ պաշտոնը զբաղեցնող` Լիտվայի ներկայացուցիչ Ռոմուալդս Ռազուկսին կփոխարինի Լեհաստանի ներկայացուցիչ Զբիգնեւ Ռիբացկին:

«ՆԱՏՕ-ի կապի սպան հանդես է գալու այն օղակի դերում, որը, կարելի է ասել, ամենօրյա հիմունքներով աշխատելու է Հարավային Կովկասի երեք երկրների հետ», - պարզաբանեց Արա Թադեւոսյանը: - «Ռոբերտ Սիմոնսը, հանդիսանալով հատուկ ներկայացուցիչ այս տարածաշրջանում, ֆիզիկապես չի գտնվում տարածաշրջանում, իսկ պարոն Ռիբացկին ավելի մոտիկից է աշխատելու երեք երկրների հետ, եւ իր հիմնական գործառույթը լինելու է դա»:

Ամենայն հավանականությամբ, կապի նոր սպայի գրասենյակը, ինչպես եւ նրա նախորդինը, կլինի Թբիլիսիում:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG