Մատչելիության հղումներ

Քըրք Քրքորյանը մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է իր հարստությունը


Forbes հանդեսը հրապարակել է 400 մեծահարուստ ամերիկացիների ցուցակը: Մեկ տարվա ընթացքում իր հարստությունը ամենաշատը կարողացել է ավելացնել 90-ամյա հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը. նա 9 միլիարդ դոլար է վաստակել` կրկնապատկելով իր հարստությունը:

Այժմ Քրքորյանը 18 միլիարդ դոլար կարողությամբ ցուցակում 7-րդն է, իսկ անցյալ տարի 26-րդ էր:

Ցուցակում ընդգրկված 400 միլիարդատերերից ոչ մեկը չի կարողացել նման աճ ապահովել. Քրքորյանի MGM - Mirage ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է 135 տոկոսով:

Forbes-ը 25-րդ անգամ է նման ցուցակ հրապարակում, եւ այս անգամ մեծահարուստների ակումբում ընդգրկվելու համար նույնիսկ մեկ միլիարդը բավարար չէր: Նվազագույն շեմը մեկ միլիարդ 300 միլիոն դոլարն է:

Արդեն 14-րդ անգամ անընդմեջ` մեծահարուստ ամերիկացիների ցուցակի առաջին տեղում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է` 59 միլիարդ դոլար հարստությամբ:

Երկրորդը Ուորեն Բաֆեթն է: 77-ամյա Բաֆեթը 52 միլիարդ դոլար ունի: Նա զբաղվում է ներդրումներով, բազմաճյուղ հոլդինգ է ղեկավարում:

Առաջին հնգյակում են հյուրանոցների, խաղատների ցանցի տեր Շելդոն Ադելսոնը` 28 միլիարդ, բարձր տեխնոլոգիաների բիզեսով զբաղվող Lարի Էլիսոնը` 26 միլիարդ, Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը` յուրաքանչյուրը` 18 միլիարդ դոլար:

Ամերիկացի ամենաերիտասարդ միլիարդատերը 33 տարեկան է` Ջոն Առնոլդը մեկ միլիարդ 500 միլիոն ունի, իսկ ամենատարեցը 98-ամյա Ջոն Սիմփլոթն է` 3 միլիարդ 600 միլիոն դոլարով:

Ամերիկացի միլիարդատերերի ցուցակում 45 նոր անուններ են հայտնվել, իսկ 50 մեծահարուստներ չեն կարողացել պահպանել իրենց միլիարդները ու այս տարվա ցուցակից դուրս են մնացել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG