Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Խաղաղության միջազգային օրվա առիթով այսօր Նյու 3որքում հանդիպելու է մի խումբ անվանի մարդկանց եւ նրանց շնորհելու է «Խաղաղության դեսպաններ» պատվաբեր կոչումը: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու են խաղաղության դեսպաններ` ամերիկացի աշխարհահռչակ դերասան Մայքլ Դուգլասը եւ բրիտանացի գիտնական Ջեյն Գուդալը:

Արարողությունը տեղի կունենա ՄԱԿ-ի կենտրոնակայանի պարտեզում, որտեղ Բան Կի-մունը կներկայացնի խաղաղության նորանշանակ չորս դեսպաններին՝ Հորդանանի արքայադուստր Հայային, ով ակտիվ աշխատանք է կատարում բարեգործության, կրթության եւ առողջապահության բնագավառներում, Արգենտինայի, Իսպանիայի եւ Իսրայելի քաղաքացի, աշխարհահռչակ դաշնակահար եւ դիրիժոր Դանիել Բորենբոյմին, բրազիլացի գրող Պաոլո Կոելիոյին եւ ճապոնացի ջութակահար Միդորի Գոտոյին:

Նախկինում խաղաղության դեսպաններ են նշանակվել չինացի թավջութակահար Յո-Յո Ման եւ իտալացի տենոր Լուչիանո Պավարոտին:

Ավանդույթի համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խաղաղության դեսպանների անունները հրապարակում է, երբ պարտեզում ղողանջում է մոլորակի խաղաղության հույսը խորհրդանշող «Խաղաղության զանգը»: Այն 1954 թվականին ՄԱԿ-ին է նվիրել Ճապոնիայի կառավարությունը: Ճապոնացիները զանգը ձուլել են ավելի քան 60 պետություններից որպես նվիրատվություն ստացած մետաղադրամներից:

Խաղաղության օրը ՄԱԿ-ը հռչակել է 1981 թվականին:

ՄԱԿ-ը հորդորում է այդ օրը հրաժարվել մարտական գործողություններից, հարգանքի տուրք մատուցել հակամարտություններում զոհվածների հիշատակին եւ ակտիվացնել աշխարհում խաղաղություն ու հանդուրժողականություն հաստատելու ջանքերը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG